Մի քանի կարևոր նկատառում, որ ակտուալ են այս օրերին
Հայոց ցեղասպանություն
1. Թուրքիան այս ընթացքում քարոզչական և ոչ միայն հարվածներ է կրել, արժե, որպեսզի հայկական լրատվամիջոցները վերլուծեն ու իրազեկեն առավել այդ մասին, քան թե բավարարվեն զուտ պաշտոնական չոր հայտարարություններ տարածելով:
2. Թուրքական քարոզչությունը շատ ավելի բազմաշերտ է ու մանվածապատ, քան օրինակ ադրբեջանականը: Այն մեթոդները, որ գործում են Ադրբեջանի դեմ, միշտ չէ, որ կիրառելի են Թուրքիայի պարագայում: Թուրքիան առաջնորդվում է кнут и пряник միմյանց սրընթաց հաջորդող քարոզչական քայլերով, որպեսզի չթողնի ուշքի գալ ու հասկանալ իրավիճակը, օրինակ՝ Էրդողանի խիստ կոշտ հայտարարություն, ապա Դավութօղլուի ցավակցություն: Եվ այս քարոզչական աղմուկում միշտ չէ, որ նկատվում են, օրինակ, Թուրքիայում ոմն հային այս օրերին ճնշելու, հայկական համայնքին շահագործելու, հայկական վանք քանդելու, հայերի դեմ արգելքներ դնելու տեղեկությունները, որոնք հաճախ միայն թուրքերենով են հրապարակվում: Ուստի արժե հետևել հայկական ermenihaber.am կայքին նմանատիպ լուրեր ստանալու նպատակով և լրահոսում շեշտը դնել հենց նման բովանդակության լուրերի վրա:
3. Շատ ուրախ եմ, լավ է, որ թուրք մտավորականներ ու հասարակական գործիչներ են եկել Երևան, կամ օրինակ Թուրքիայում են կոչ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց հիշեք մի բան՝ նրանց չափից դուրս գովազդել պետք չէ, քանի որ, ինչ ուզում եք ասեք, իրենք էլ քաջ գիտակցում են, որ նմանօրինակ հայտարարություններով նախ ուշադրություն են հրավիրում իրենց անձի համար, դա իրենց իսկ համար յուրահատուկ ՊՌ է, և հետո փորձը ցույց է տալիս, որ իրենք այնուհանդերձ կարող են հարկ եղած պահի մտափոխվել: Ուստի պետք չէ նրանց համարել սրտակից բարեկամներ ու նրանց մասին չափից շատ ազդարարել:
4. Թուրքիայի հայերն ու առավելապես Ստամբուլի հայ համայնքը միշտ վտանգի տակ են՝ ավել կամ պակաս, ուստի պետք չէ նրանցից չափից շատ բան պահանջել կամ էլ առավել ևս դատապարտել նրանց: Թուրքիան նրանց որպես խաղաքարտ է դիտարկում, իսկ քանի որ դուք չեք ապրել այն միջավայրում ու խորքից չգիտեք այն, ինչ նրանք գիտեն, մի քննադատեք նրանց:
5. Ադրբեջանն էլ ավելի եռանդուն է միացել Թուրքիային այս պայքարում և բնականաբար կարող է ապատեղեկատվություն տարածել ու տարածում է: Ադրբեջանի բոլոր մեծ ու մանր պաշտոնյաները հանդես են գալիս տարբեր հայտարարություններով, որոնք հայկական դաշտ բերելու իմաստ չեմ տեսնում: Միայն Բաքվի Նիզամիի անվան մետրոյի կայարանի կատուն չի խոսել Հայոց ցեղասպանության մասին:
6. Անմոռուկի թեման հակասական է, եկեք այս օրերին հանգիստ թողնենք:
6. Ինձ թվում է՝ այդքան դժվար չէ գոնե մի շաբաթ ձեր սոցցանցային գործունեությունից բացառել զվարճալի փարթիներն ու գերխնդուն իրավիճակիների արտացոլումը: Դա բնավ չի նշանակում, որ պետք է լացեք ձեր էջերում կամ իրական կյանքում սահմանափակեք ձեզ: Ինչ ուզում եք արեք, բայց սոցցանցերում մի արձանագրեք:
7. Այս օրերին ակտիվ են նաև վայ-հայրենասերները, որոնց համար ֆեյսբուքում եսիմ ինչ նկարի տարածումը հայրենասիրություն է: Բնավ, պետք չէ գերագնահատել տեղեկատվական ոլորտի դերը: Սեփական շենքի շքամուտքը մաքուր պահողը, տարեցներին տրանսպորտում տեղ զիջողը, զինվորից առևտրի ժամանակ գումար չվերցնողն ու այդ մասին ստեղ-էնտեղ չգրող հայը հազար գլուխ ավելի հայրենասեր է, քան ֆեյսբուքում գլխավոր նկար փոխողն ու իրենց բակում խինդ ու ծիծաղով ապրիլի 24-ին արևածաղիկ կեղևազրկողը:
8. Տեր կանգնեք ձեր անձնական պրոֆիլներին, թուրք-ադրբեջանական հարձակումներ կարող են լինել:
9. Բազում հետաքրքիր միջոցառումներ, նախագծեր կան, հետևեք ու բաց մի թողեք: Մարդիկ հսկայական գործ են արել:
10. Թաքնված հայերի թեման շատ նուրբ է, հակասական, այն շրջանառության մեջ դնելուց առաջ երկար մտածեք՝ արդյո՞ք բավարար գիտելիքներ ունեք այդ ասպարեզում:
11. Հայկական համայնքների ակցիաներն ու ցույցերն էլ ավելի օպերատիվ լուսաբանման կարիք ունեն:
12. Պետիցիաներն արժի ստորագրել, վայրկյանների գործ է:
13. Մի զլացեք, գոնե նվազագույն տեղեկություններ իմացեք Հայոց ցեղասպանության մասին, հարյուրավոր տուրիստներ են եկել, որպեսզի պատասխանեք նրանց հարցերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/893692397364385?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել