ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի Մունը մի քանի օր առաջ անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հիշում ենք, վերջինս հայտարարել էր, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն կոչելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել, իսկ Հռոմի պապի խոսքերը որակել էր զգացմունքային:
Ակներև էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը չէին կարող ականջահաճո լինել տարբեր միջազգային հարթակներում, և դա բավականին մեծ քննարկումների առիթ էր դարձավ:
Ինչպես փոխանցում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, Պան Կի Մունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել կարգավորել հարաբերությունները: Նա նաև թուրքերին ու հայերին կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը՝ կարգավորելու համար երկու երկրների միջև հարաբերությունները՝ 2009 թվականին Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին ստորագրված արձանագրություններին համապատասխան:
Այստեղ մի փոքր պետք է շտկել նրան, քանի որ վերջինս շատ լավ գիտի, թե ինչպիսի զարգացումներ են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև Պան Կի Մունը բավականին լավ տեղեկացված է, թե ում կողմից է այն տապալվել:
Փաստացի, հայ-թուրքական գործընթացը տապալողի և նախաձեռնողի միջև Պան Կի Մունը հավասարության նշան է դնում: Բացի դա, ցեղասպանողին ու ցեղասպանվածին նույն հարթության մեջ դիտարկելը մեղմ ասած բարոյական չէ:
Ու սա անում է մարդ, ով ի պաշտոնե պարտավորված է աշխարհում ապահովել խաղաղություն: Նա նմանատիպ հայտարություններով նպաստում է անկայուն մթնոլորտի ստեղծմանը:
Գործնականում ստացվում է, որ Պան Կի Մունը տապալում է ՄԱԿ-ի հիմնական առաքելությունը: