Մենք այն տեսակն ենք եղել, ով հավասարը հավասարի պես կռվի է բռնվել հին աշխարհի հզորների հետ:
Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին Դարեհներից մեկն ասել է՝ «Հայերին հնարավոր չէ հաղթել»:
Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին Ցիցերոնն ասել է՝ «Հայ զինվորը շատ անգամ քաջ է հռոմեացուց»:
Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին Բյուզանդիայի Մորիկ կայսրը տրտջացել է՝ համարելով խոտոր ու անհնազանդ ազգ:
Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին բյուզանդացի ժամանակագիրն ասել է՝ շուտով Բյուզանդիան կկործանվի, քանի որ պաշտոններում սկսել են քիչ տեղ տալ արիասիրտ և արդարամիտ հայերին:
Հետո մենք շեղվեցինք մեր բնատուր, դասական հատկանիշներից, ու նյութապաշտությունն այնքան տիրեց մեզ, որ Անիում տիրող բարքերը տեսնելով՝ մեր պատմիչը տագնապով գրեց, թե Աստված չի ների այս ամենը և պատիժ կուղարկի մեզ:

Ու պատիժը չուշացավ՝ եկավ թուրքի տեսքով:
Թուրքը մեր թշնամին չէ. նա փոքր է մեզ թշնամի լինելու համար: Թուրքն ընդամենը չափի միավոր է, շեմային պայման է, որի միջոցով մենք պարզելու ենք՝ դաս առա՞նք արդյոք շեղումի համար մեզ հասցված պատժից և ուղղվեցի՞նք, թե՞ դեռ ոչ:
Թուրքը հատուկ ուղարկված միջոց է, հատուկ ստեղծված մեծաքանակ և ուժեղ, որպեսզի մենք հարկադրաբար համախմբվենք, ձգվենք, միաբանվենք, հզորանանք այն աստիճան, որ ունակ լինենք հաղթահարել նրան: Այդ դեպքում միայն մենք կվերագտնենք մեզ ու կվերադարձնենք մեր բնատուր, դասական հատկանիշներն ու դերը աշխարհում:
Ու խնդիրը չի դրվում այնպես, թե դա մենք կարո՞ղ ենք: Լացող ու տկար հայությունը պետք չէ ո՛չ մեզ, ո՛չ մարդկությանը, ո՛չ էլ Աստծուն, և այն կվերանա երկրի երեսից՝ հենց Աստծո կամքով:
Խնդիրը դրվում է այսպես՝ Մենք դա անելո՛ւ ենք: Անելո՛ւ ենք՝ հայաստանցիներով, Սփյուռքով, ողջ հայությունով՝ ի մի բերելով մեր ողջ ներուժը: Անելու ենք խելքով, կամքով, հնարամտությամբ, միաբանությամբ, որպեսզի վերստին դառնանք այն տեսակը, ում մասին կասեն՝
– նրան հնարավոր չէ հաղթել,
– նա քաջ է ամենքից,
– նա արիասիրտ է արդարամիտ…
Ահա թե ինչ պիտի անենք ապրիլի 25-ից սկսած…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել