Մեզ հաճախ են ասել «Սովորեք, որ մարդ դառնաք», ու շատերը հավատում են, որ «մարդ դառնալու», այսինքն՝ լավ աշխատանք ու սոցիալական դիրք ունենալու համար անպայմանորեն բարձրագույն կրթություն է պետք, ընդ որում, ցանկալի է, որ տնտեսա-իրավաբանական։ Եկեք ստուգենք, թե որքանով է արդարացի այս պնդումը՝ ուսումնասիրելով մեր երկրի բոլոր նախագահների, վարչապետների, ԱԺ նախագահների, ինչպես նաև որոշ նախարարների ու պատգամավորների կրթական ցենզն ու մասնագիտությունները։

Նախագահներ

Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունն ունեցել է 3 նախագահներ, որոնք երեքն էլ տարբեր կրթություն են ստացել ու տարբեր մասնագիտություններ ունեն։ Սերժ Սարգսյանը կրթությամբ բանասեր է, Ռոբերտ Քոչարյանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արևելագետ, պատմաբան և լեզվաբան։

Ինչպես տեսնում եք, առայժմ նախագահի պաշտոնում գերակայում են հումանիտար մասնագիտությունները։

Վարչապետներ

Վարչապետի պաշտոնի պարագայում պատկերն ավելի խայտաբղետ է, ու այստեղ մասնագիտությունների մի ամբողջ ծաղկաբույլ կա։ Դա բացատրվում է նաև նրանով, որ մենք շատ ավելի շատ վարչապետներ ենք ունեցել, քան նախագահներ։ Հերթով թվարկենք մեր վարչապետներին (չկրկնվելու համար պարզապես հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել են նաև այս պաշտոնում)։

1. Վազգեն Մանուկյանը ֆիզիկամաթեմատիկական կրթություն ունի, մաթեմատիկոս է ու մինչ քաղաքականություն մտնելը դասախոսել է ԵՊՀ-ում։

2. Գագիկ Հարությունյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է ու մի քանի ամիս վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո արդեն երկար տարիներ հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախագահը և այդպիսով այս ցուցակում ընդգրկված եզակի պաշտոնյաներից է, ով այսօր էլ աշխատում է ըստ իր մասնագիտության։

3. Խոսրով Հարությունյանն ինժեներ է ու մինչև քաղաքականություն մտնելը երկար տարիներ աշխատել է իր մասնագիտությամբ ու, դատելով նրա կարիերայի աճից, նա վատ ինժեներ չի եղել, ինչը չենք կարող ասել նրա՝ վարչապետ լինելու մասին։

4. Հրանտ Բագրատյանի կենսագրականում այնքան բան կա թվարկված, որ տվայտվում ես։ Էլ հազարամյակի մարդ, էլ դոկտոր, էլ պրոֆեսոր, էլ ակադեմիկոս… Համենայն դեպս, վստահաբար կարելի է ասել, որ նա ունի տնտեսագիտական կրթություն և հանդիսանում է տնտեսագիտության ու փիլիսոփայության դոկտոր։

5. Արմեն Սարգսյանն ամենակարճատև պաշտոնավարությունն ունեցող վարչապետներից է, բայց միևնույն ժամանակ ամենալուրջ կրթություն ստացած բարձրաստիճան պետպաշտոնյաներից։ Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է ու մաթեմատիկայի պրոֆեսոր, բայց քաղաքականությունում առավել աչքի է ընկել դիվանագիտության ու պետական կառավարման ասպարեզներում։

6. Արմեն Դարբինյանն ունի տնտեսագիտական կրթություն և տնտեսագիտության դոկտորի կոչում։ Այժմ նա Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտորն է։

7. Որքան էլ դժվար լինի հավատալ դրան, բայց Վազգեն Սարգսյանի կրթությունը ոչ մի աղերս չունի ո՛չ զինվորականության, ո՛չ էլ պետական կառավարման հետ։ Ավելին, նա այս ցուցակում ընդգրկվածներից ամենահամեստ կրթական ցենզ ունեցողներից մեկն է։ Վազգեն Սարգսյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ու որոշ ժամանակ աշխատել իր մասնագիտությամբ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

8. Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, փոխարինեց զոհված եղբորը վարչապետի պաշտոնում և հայկական չափորոշիչներով շատ ավելի «լուրջ» դիպլոմ ուներ. նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ունի ինժեների որակավորում։

9. Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը ևս Պոլիտեխնիկի սաներից էր ու կրթությամբ ինժեներ էր։

10. Տիգրան Սարգսյանը կրթությամբ տնտեսագետ է ու համարվում է ասպարեզի լավագույն մասնագետներից մեկը Հայաստանում, բայց, չգիտես ինչու, դա ոչ մի կերպ չօգնեց նրան վարչապետի պաշտոնում իր երկարամյա աշխատանքի հարցում, որը կայուն ու բացասական գնահատականի է արժանանում հանրության մեծամասնության կողմից։

11. Հովիկ Աբրահամյանը կրթությամբ տնտեսագետ է ու, դատելով իր պնդումներից, փայլուն տնտեսագետ է, եթե կարողացել է բանջարեղենի ու գյուղմթերքի բիզնեսով հարստություն դիզել…

Ինչպես տեսնում եք, վարչապետի պաշտոնում գերակշռում են ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներն ու տնտեսագետները։

ԱԺ նախագահներ

ՀՀ-ում ԱԺ նախագահներ ավելի քիչ են եղել, քան վարչապետներ, ու եթե հաշվենք առաջին գումարումից, ապա դրանց թիվն 9-ն է։ Այս 9 հոգուց երկուսը՝ Խոսրով Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը, հետագայում դարձել են վարչապետ, և նրանց կրթության մասին արդեն գրել եմ, ուստի դիտարկենք մյուսների մասնագիտական կրթությունը։

1. ՀՀ առաջին գումարման ԱԺ-ի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, ով կրթությամբ մաթեմատիկոս էր։

2. Կարեն Դեմիրճյանը կրթությամբ ինժեներ էր ու երկար կարիերային ուղի էր անցել՝ շարքային ինժեներից մինչև երկրի ղեկավար, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ նաև ԱԺ նախագահ։

3. Պարզվում է, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոններում առավել հաճախ հանդիպող մասնագիտություններից մեկը բանասերն է։ Այսպես, Սերժ Սարգսյանից բացի՝ բանասեր է նաև ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։

4. Ունեցել ենք նաև իրավաբանական կրթությամբ ԱԺ նախագահ, և դա եղել է Արթուր Բաղդասարյանը։ Հաշվի առնելով խորհրդարանի օրենսդրական ֆունկցիան՝ կարելի է ասել, որ Բաղդասարյանը միակն է, ով, լինելով ԱԺ նախագահ, աշխատել է իր մասնագիտությամբ։

5. Տիգրան Թորոսյանը թեև աչքի չէր ընկնում իր խարիզմայով, բայց ես հաճելիորեն զարմացա՝ իմանալով, որ նա ինժեներական կրթություն ստանալուն զուգահեռ սինխրոն ուսումնասիրել է նաև օտար լեզուներ և արդյունքում ինժեների մասնագիտությունից զատ՝ ստացել է նաև ֆրանսերեն լեզվի տեխնիկական թարգմանչի մասնագիտություն։

6. Սամվել Նիկոյանը կրթությամբ ինժեներ-մեխանիկ է։

7. Եվ իհարկե, այս ցուցակն ամբողջական չէր լինի առանց մեր սիրելի Մտքի Տիտանի՝ Գալուստ Գրիգորիչի։ Ու իհարկե, ինչպես կռահում եք բոլորդ, Գալուստ Սահակյանը… բանասեր է… Այդ իսկ պատճառով նրա ասած ցանկացած միտք, ցանկացած խոսք ասես մի պոեմ լինի, գրականության գոհար, որը պետք է սերտեն սերունդները։

Նախարարներ և ուժայիններ

Նախարարներ ունեցել ենք շատ-շատ, ուստի բոլորին չենք թվի։ Առանձնացրել եմ առավել աչքի ընկած ու առավել խարիզմատիկ նախարարներին, որոնց առանց սխալվելու կարող է ճանաչել ցանկացած անցորդ։

1. Արմեն Աշոտյանն ունի բժշկական կրթություն և դատաբժիշկ է, կամ էլ եթե կուզեք՝ հերձելու մասնագետ։

2. Գագիկ Բեգլարյանը թեև դպրոցական տարիներին հաճախել է ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց, բայց ստացել է տնտեսագիտական կրթություն, դե իսկ ֆիզիկականից մենակ ուժը վերցրեց։ Պետք է ասել, որ նախարարների թվում առավել հաճախ ենք հանդիպում մարդկանց, ում կրթությունն ու մասնագիտությունը համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին։

3. Վլադիմիր Գասպարյանը դեռ Խորհրդային Միության օրոք ավարտել է Բարձրագույն քննչական դպրոցն ու պրոֆեսիոնալ ոստիկան է և իրավաբան։

4. Համապատասխան կրթություն ունի նաև ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով Պոլիտեխնիկն ավարտելուց հետո ավարտել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) բարձրագույն դասընթացները։

5. Սեյրան Օհանյանը, գլխավորելով ռազմական գերատեսչությունը, հանդիսանում է ռազմական կրթության ու ռազմական մասնագիտության ներկայացուցիչ։ Նա Խորհրդային Միության տարիներից ի վեր եղել է կադրային սպա։

6. Ոստիկանական կրթություն ունի նաև Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ և տարածքային կառավարման նախարարը։

7. Ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ կրկնակի մասնագիտություն ունի մեր մեկ այլ նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, ով առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ իրավաբան, ընդ որում՝ իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։

8. Դե էլ ինչ պաշտոն, որտեղ բանասեր չլինի։ Բանասիրական կրթություն ունեցող ամենահայտնի նախարարներից մեկն էլ եղել է ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը։

9. Ըստ իր մասնագիտության է աշխատում նաև Էդուարդ Նալբանդյանը, ով միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել ու, դառնալով դիվանագետ, տարիներ շարունակ աշխատել է Խորհրդային դիվանագիտական կորպուսում, իսկ այնուհետև ՀՀ ԱԳՆ-ում։

Պատգամավորներ և այլ պաշտոններ

Մեր պատգամավորները շատ են, ես անգամ կասեի՝ չափից դուրս շատ, ու որքան էլ նրանցից շատերը դիպլոմներ գնեն անցումներից, մենք գիտենք, որ մեր պատգամավորների մի զգալի մասը նույնիսկ դպրոցը լիարժեք չի ավարտել, ուր մնաց՝ ԲՈւՀ։ Ուստի այս բաժնում էլ ներկայացնենք «ծայրահեղությունների»՝ համապատասխանության ու անհամապատասխանության առումով։

1. Օրինակ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, բացի հրաշալի արտաքին տվյալներ ունենալուց, նաև ունի իրավաբանական կրթություն ու դասավանդում է ԵՊՀ-ում, իսկ օրենսդիր մարմնում, կարծում եմ, ամենահամապատասխանը հենց իրավաբանի մասնագիտությունն է։

2. Դիտարկենք վերոնշյալ գործչի անտիպոդ-կուսակցին… Առաքել Մովսիսյանի (Շմայսի) կենսագրությունում ասվում է, որ նա ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, այն էլ՝ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ֆակուլտետը։ Դատելով արդյունքից՝ Շմայսն այդքան էլ լավ չի սովորել կրթել իր մարմինը…

3. Էդուարդ Շարմազանովն էլ կրթությամբ պատմաբան է և ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։

4. Ինչպես հիշում եք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը սկանդալի վերածվեց «սաքուլիկների» պատճառով, բայց նա, այնուամենայնիվ, պաշտպանեց տնտեսագիտական գիտությունների թեկնածությունը, իսկ մինչև այդ Տարոն Մարգարյանը ստացել էր ճարտարագիտության մագիստրոսի կոչում Գյուղատնտեսական ակադեմիայում։

Այսպիսով, եկեք տեսնենք, թե նշված 34 հոգին ինչպես են բաժանվում ըստ մասնագիտությունների։

Ինժեներներ - 7 հոգի (նաև Գորիկ Հակոբյանն իր առաջին մասնագիտությամբ)

Տնտեսագետներ - 5 հոգի

Բանասերներ - 4 հոգի 

Իրավաբաններ - 4 հոգի

Մաթեմատիկոսներ/ֆիզիկոսներ - 3 հոգի (նաև Հրանուշ Հակոբյանն իր առաջին մասնագիտությամբ)

Բժիշկներ - 2 հոգի

Պատմաբաններ - 2 հոգի

Ոստիկաններ - 2 հոգի

Մանկավարժներ/ֆիզկուլտուրա - 2 հոգի

Զինվորական/Ազգային անվտանգության աշխատակից - 2 հոգի

Դիվանագետներ - 1 հոգի

Ինչպես տեսնում եք, դատելով այս ցուցակից, բարձր պաշտոններ զբաղեցնելու ամենամեծ շանսերն ինժեներներն ունեն, իսկ երկրորդ տեղում տնտեսագետներն են։ Երրորդ հորիզոնականը կիսում են բանասերներն ու իրավաբանները։ Չորրորդ տեղում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ներկայացուցիչներն են։ Հինգերորդում՝ բժիշկները, ոստիկանները, զինվորականները/ԱԱԾ ներկայացուցիչներն ու մանկավարժները։ Դե իսկ բարձր պաշտոն զբաղեցնելու ամենացածր հնարավորությունն ունեն դիվանագետները, եթե հիմք ընդունենք այս ցուցակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել