Սուտ է, որ Թուրքիան ինչ-որ հզոր դիվանագիտություն ու դիվանագիտական ավանդույթներ ունի։ Հատկապես վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն տարել է կոշտ ու կոպիտ, սայթաքող ու իր համար անշահավետ դիվանագիտական գիծ ու հիմա էլ անում է նույնը։
Եվ հարցն այս անգամ ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, ոչ էլ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը խոչընդոտելը։ Զգացե՞լ եք, թե ինչ աննախադեպ չոր է աշխարհը վերաբերվում Թուրքիային հենց այս տարի։ Հատկապես ԵՄ-ի անդամ երկրներն ու ԱՄՆ-ը։
Ի՞նչ եք կարծում՝ ինչի հետևանք է դա։ Շտապեմ հիասթափեցնել. Ցեղասպանության 100-ամյակը եթե կապ էլ ունի սրա հետ, ապա միայն երկրորդական, ու այս հարցն ավելի շուտ պատրվակ է Արևմուտքի համար, քան պատճառ Թուրքիային «պատժելու» համար։
Իմ կարծիքով, այս սառնությունն Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում հետևանք են ոչ թե Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի, այլ թուրք-ռուսական մերձեցման պրոցեսների ու Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գնացող գազատարի կառուցման մասին համաձայնագրի։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքը պատժում է Թուրքիային ռուսների հետ մերձանալու համար ու դրա համար օգտվում է այդ թվում նաև հայկական հարցից՝ որպես ամենամեծ դագանակներից մեկը, որը կա իր տիրապետության տակ։
Եթե վերադառնանք թուրքական դիվանագիտությանը, ապա մեծ վստահությամբ կարելի է ասել, որ եթե թուրքերը հեռատես լինեին, կփորձեին հնարավորինս հետաձգել Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը կամ էլ գոնե այդ փաստի հրապարակայնացումը, ու եթե այդ ամենը լիներ գոնե ապրիլի 25-ին, երբ Ցեղասպանության հարցը կզիջեր միջազգայյին օրակարգում իր դիրքերը, ապա Արևմուտքը շատ ավելի քիչ ճնշման լծակներ կունենար թուրքերի վրա, քան հիմա։
Ինչ մնում է մեզ, ապա իհարկե կարճաժամկետ հեռանկարով սա, միևնույն է, մեր շահերից է բխում, բայց պետք չէ մոռանալ, որ Արևմուտքի իրական մոտիվները ոչ թե մարդասիրությունն ու հայասիրությունն են, այլ ավելի պրագմատիկ ու ցինիկ բաներ, որոնցով կերտվում է աշխարհաքաղաքականությունը։ Ու հենց դա արդեն գրագետ դիվանագիտություն է, ու մենք էլ ճիշտ կանենք սովորենք նրանցից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=470473189784261&id=100004647524817&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել