Չնայած անմակարդակությունը մեղմ բնորոշում է ցեղասպանության 100-ամյակի թեման անտեղի օգտագործողներին բնութագրելու համար, այնուամենայնիվ, զարմանալ պետք չէ...
Սթափ դատողությամբ պետք է ընդունենք, թե մեր հանրության մեջ ինչպիսի արժեքային համակարգ ու գիտելիքների պաշար ունեցող մարդիկ կան:
Շուկայի (տվյալ դեպքում հանրության) վերաբերյալ թյուր կարծիք ունենալով` շատ նորմալ մարդիկ հիասթափվում կամ անակնկալի են գալիս: Մենք ունենք այն, ինչ ունենք: Մինչև չհասկանանք, թե որ մակարդակում ենք գտնվում, առաջընթացի մասին խոսելը լո-լո է...
Լավն ու վատը հարաբերական կատեգորիաներ են, պարզապես պետք է ի գիտություն ընդունել:
Առաջընթացի փիլիոսոփայությունը կայանում է անընդհատ պրոբլեմներ տեսնելու ու դրանք լուծելու մեջ: Պրոբլեմ տեսնելն ու հիասթափվելն անհաջողությունների ֆունդամենտն է: Յուրաքանչյուրս պետք է մեր վրա զգանք ու ձգտենք փոփոխությունների:
Պետությունների պրոբլեմը վատ իշխանությունները կամ վատ ընդդիմությունները չեն, պետություններն ամենից շատ կախված են հանրության առողջության որակից:
Լավ հանրության մեջ վատ իշխանություն կամ վատ ընդդիմություն չի լինում (շատ-շատ մի կարճ ժամանակով): Ու այստեղ նորից վերադառնում ենք իրական մտավորականության կարևորության գաղափարին: Քանի դեռ իշխանություններն ու ընդիմություններն իրար անխնա քարկոծում են, իրական մտավորականությունը պետք է զբաղվի հասարակության առողջացման խնդիրներով, քանզի երբ հասարակությունը բարձր արժեքային համակարգ ունեցավ, ինքնաբերաբար բոլոր ոլորտները կինքնակարգավորվեն:
Այս տարին իր մեծածավալ ու մեզ համար խիստ զգայուն տեղեկատվական հոսքերով իրական փորձություն ու օբյեկտիվ ինդիկատոր է հանրության մասին կարծիք կազմելու համար: Ազգերի համար մեծագույն նվեր է, երբ մերկանում են բազմաթիվ ՀԱՆՐԱՅԻՆ խնդիրներ, աչք են ծակում ու նույնիսկ զայրացնում:
Ինձ ճիշտ հասկացեք... Իրական ՀԱՆՐԱՅԻՆ խնդիրների մասին եմ խոսում, ոչ թե շինծու ալիքների, պաթետիկ ձևակերպում ունեցող պրոբլեմների:
Կարծում եմ՝ մտավորականության համար ստեղծագործելու ու մեսիջներ սփռելու նպաստավոր ժամանակ է: Իրադրությունը կարմիր գորգ է փռել մուսաների առաջ: