Մարդ կա՝ ուրախանում է, որ առաջիկա չորս օրերը ոչ աշխատանքային են: Մարդ կա՝ բոլորի մոտ րոպեն մեկ հայտարարում է, որ համ ջահերով երթին է մասնակցելու, համ զոհերի հիշատակն է հարգելու, բայց իրականում չորս օր փարթիներում է տժժալու: Մարդ կա՝ ապշած ու ղզղնած հպարտանում է հայոց դիվանագիտության խոշոր հաղթանակներով, բայց իրականում ըսկի կուրսի էլ չի, թե դիվանագիտությունն ինչ է նշանակում: Մարդ կա, որ ցնծում է անմոռուկային ցունամիից ազատվելու առթիվ, բայց լուրջ դեմքով սուգ է խաղում: Մարդ կա՝ պատեհ-անպատեհ արդարացնում է իշխանական ամպագոռգոռ շոուի տապալումը` վախենալով, որ հակառակ դեպքում ստրկավայել աշխատավարձով աշխատողի կարգավիճակից կհայտնվի անգործ մուրացկանի կարգավիճակում: Մարդ կա, որ, հանդիսանալով ծաղիկի մաֆիայի կարկառուն ներկայացուցիչ, արդեն հաշվում է վաղվա իր սպասվելիք գերշահույթը: Մարդ կա՝ իշխանահաճո հոդվածներ է գրում` չհասկանալով, որ ընթերցողների 90%-ն իրեն հայհոյում է, իսկ մնացածը նրա հավեսն այսօր հաստատ չունեն: Մարդ կա՝ կողմնորոշվում է՝ «Եղևնու» հուշարձան գնալուց հետո հյուրերին քյաբաբնոց տանի, թե՝ խորովածանոց, մարդ կա՝ այսօր է այցելում Ծիծեռնակաբերդ, որպեսզի վաղը, մյուս օր հերթի տակ չընկնի: Մարդ կա՝ այսօր ծխելը թարգեց ու հասկացավ, որ ոչ մի ծխախոտի գովազդից չվախեցավ, բայց բժշկի տված նախաինֆարկտային դիագնոզից վախեցավ: Մարդ կա՝ այսօր հարսանիք է անում, որովհետև դիմացը մայիս ամիսն է, իսկ մայիսը վայիս է: Մարդ էլ կա՝ լուռ աղոթում է զոհերի հոգիների հանգստության ու խաղաղության համար, աղոթում է այսօր, աղոթում էր երեկ ու ամեն օր, որովհետև նրա համար օրը կարևոր չի աղոթելու համար. Նա թքած ունի Օբամայի ասելու ու Պուտինի գալու վրա, նրան ոչ անմոռուկն է հուզում, ոչ ՄԱԿ-ը, նա հուշարձանին ծաղիկներ չի տանում, բայց մոմը վառելուց մեկիկ-մեկիկ հիշում է բոլոր զոհերին: Նա գիտի՝ ով է թուրքը, նա չի հավատում կոչերին, նա հավատում է ինքն իրեն ու իր գենին։ Նա զգոն է և ուշադիր, որովհետև ձգտում է պաշտպանել գոնե այն, ինչը դեռ մնացել է ու ինչը դեռ իրեն է պատկանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/789780481103500?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել