Սիրում եմ աշնային ու գարնանային գիշերների անձրևը` փոփոխական, երբեմն սպասված, հաճելի, լուսնային, հանգստացնող, ցուրտ, երկարատև, մտածելու տեղիք տվող անձրևը: Սրա հետևանքը երևում է առավոտյան, երբ պատուհանից նայում ու տեսնում եմ ինչ-որ ջրափոսեր, որոնք ցամաքում են մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ ինչքան ուզում ես ման արի ջրերի միջով (սիրածս «մասնագիտությունն» է): Ոչ ոք քեզ ոչինչ չի ասի, որովհետև այդ «ասողն» էլ է ստիպված քայլում նույն տարածքով: Երբ անձրև է գալիս իր հետ բերում է բոլորի մուսան: Ու բոլորը սկսում են ստեղծագործել հենց այն ժամանակ, երբ անձրև է գալիս: Այդ սովորությունը, կարծում եմ` ինձ չի վերաբերում, բայց ծանոթներիցս շատերն են ասել այդ մասին:
Սիրում եմ նաև արևային անձրևը` գունավոր, ուրախ, հետաքրքիր, տարօրինակ, խելառ, տարբերվող անձրևը: Այս անձրևը հաճախ չի պատահում, բայց կարող եմ ասել, որ սպասված է: Սրա ձայնը ինչ-որ ուրախ ու թեթև երաժշտության է նմանվում: Հետո ծիածան` փոքրերին ու մեծերին հետաքրքրող երևույթներից մեկը արևային անձրևից հետո: Այս անձրևի տակ քայլելը տրամադրությունդ բարձրացնում է: Ի տարբերություն առաջինի` սրանից հետո ջրափոսեր ավելի քիչ են գոյանում, ավելի քիչ հետքեր է թողնում: Այս անձրևը մի առանձնահատկություն ունի` ցերեկն է տեղում: Դե էլ ի՞նչ արևային անձրև՝ առանց արևի:
Լավ բան է անձրևը, սիրում եմ, երբ անձրև է գալիս: Չգիտես ինչու, մտածելու տեղիք է տալիս անձրևը, մանավանդ, երբ տրամադրությունդ այնքան էլ հիանալի չէ: Չնայած չեմ սիրում այն մարդկանց (հիմնականում աղջիկներին), ովքեր ողբ ու լաց են ստեղծում՝ անձրևից ոգեշնչված: Լավ բան է անձրևը, որովհետև «մշակում է» անմշակ տարածքներ: Միայն դրա համար կարելի է սիրել այն:
Հ.Գ. Երբ անձրև գա, միասին կգնանք թափառելու: Կքայլենք ու կվազենք ջրափոսերի մեջ, կխաղանք միասին:
Հեղ.՝ Վիկա Մարկոսյան