Բժիշկ-սրտաբան |
Հիշում եք շոու-բիզնեսային, շոու-«վիրուսային», անտի-ռաբիսային երկու գրությունս, որը BlogNews-ի միջոցով կարդացին մոտ 24 հազար օգտատերեր: Հասկանու՞մ եք չէ. հանրությանս մաշկը ձանձրանում է, քոր է գալիս, փշոտ նյութ է ուզում, որ քսվի, ռելաքսացիա լինի, հաճույք ստանա… BlogNews-ն էլ չի սպասի նամակիդ, գրությունդ կվերցնի՝ որպես տաք կարկանդակ, և կհասցնի ընթերցողին:
Այդպես չմտածեցի և երեկ տեղադրեցի մի անդրադարձ մեծն Ֆելլինիի «Ճանապարհ» ֆիլմի մասին – զորավոր Էնթոնի Քուինը և փխրուն Ջուլետա Մազինան: Դաժան տղամարդկային սկիզբը և անպաշտպան կանացի սկիզբը: Ծփում է Ֆելլինիի հանճարը: Բռնակալը սիրված է: Բայց նրա հոգին անհաղորդ է սիրուն, նա լքում է անպաշտպանին ու հեռանում: Կինը զոհվում է: Տարիներ անց այդ վայրերն է գալիս բռնակալը, կինը չկա, բայց դեռ հիշում են նրա նվագած մեղեդին: Բռնակալի սիրտը բռնվում է զղջման կրակով, ճայթում են կայծակները, բռնակալը սկսում է հիշել, որ ինքը Մարդ է…
Ինձ թվում էր, թե մի շատ կարևոր, շատ սրտագին բան եմ գրել մարդկանց համար: Ինձ թվում էր… Գրությունը կարդացել է մի 20 մարդ – հին բարեկամներս, 1000-1500 անգամ ավելի քիչ, քան շոու-«վիրուսային» գրությունը, BlogNews-ին էս կարկանդակը դուր չեկավ՝ ինքը չդրեց, ես էլ չգրեցի… Էս գրության մեջ ի՞նչ անուններ են որ – Ֆելլինի, Քուին, Մազինա, այ որ լինեին …՝ էդ ուրիշ բան կլիներ…
Ֆեյսբուքյան պատ, ֆեյսբուքյան հանրություն – որոշեցի՝ այլևս երբեք չեմ գրելու որևէ ստվերի, որևէ հակամշակույթի, որևէ սխալի մասին – այդ բոլորը թող լինեն, իրենց գործն է… Ձեր սկանդալասեր, սուր լուրի սպասող նյարդերին տող չեմ տա: Գրելու եմ Գեղեցկության մասին: Կյանքի ու Սիրո մասին: Արևածագի ու Ապագայի մասին: Ընթերցողների ամբոխին չեմ սպասելու, հազվադեպնե՛ր ու միակնե՛ր – ձեր համար եմ գրելու… Սրանով թող սկսվի ֆեյսբուքյան ոճի մայրամուտը: «Սուր» լրատվության մայրամուտը: Մեզ առավոտ է պետք, արև ու ծիածան է պետք… Մեզ պետք է խնայել իրար: Բարձրացնել իրար: Սիրել: Լինել: Ստեղծել: Մենք չսիրելու ժամանակ չունենք...