Նրանք գրավում են հանրության ուշադրությունը ոչ պակաս, քան շոու բիզնեսի աստղերը: Հաճախ (թեև ոմանք` հազվադեպ) հայտնվելով իրենց պաշտոնյա ամուսինների կողքին՝ նրանք տարաբնույթ գնահատականների թիրախ են դառնում: Բարձրաստիճան պաշտոնյայի կին լինելը պարտավորեցնող է նաև այն առումով, որ արտասահմանյան այցերի և միջազգային հանդիպումների ժամանակ կողակիցներին ուղեկցելիս նրանք հանդես են գալիս որպես տվյալ ազգի կանանց խորհրդանիշ: Հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողակիցների դրեսս-կոդը խնդրեցինք մեկնաբանել (ըստ նրան տրամադրած համապատասխան լուսանկարների) ԱՄՆ-ի հագուստի դիզայներների միության միակ հայ անդամ, հոլիվուդյան մի շարք ֆիլմերի հագուստների հեղինակ Միքայել Շարաֆյանին:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ` Գոհար Մարգարյանի ոճը, ըստ Միքայել Շարաֆյանի, 1980-ականներն է հիշեցնում` ուսակալներ, կապիչներ և կազմվածքը չարտահայտող սիլուետներ... «Նա երիտասարդ կին է, ուստի, կարծում եմ, կարիք չկա նման հագուստով արհեստականորեն մեծացնել տարիքը»,- ասում է դիզայները:

Նայելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կնոջ` Ջավահիր Ծառուկյանի զգեստապահարանին, ըստ դիզայների, կարելի է ասել, որ նա դեռ չի գտել իր առանձնահատուկ ոճը: «Բացի այդ, խորհուրդ կտայի միանշանակորեն խուսափել ընձառյուծի պրինտով գործվածքներից. դա հարիր չէ պաշտոնյայի կնոջը»,- ասում է Միքայել Շարաֆյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի ոճը դիզայները նույնպես բավական խիստ ու միատոն որակեց: «Նրա նախընտրած զուսպ դասական ոճից արդեն պարզ է դառնում, որ ժամանակին առաջին տիկին է եղել: Միայն կարծում եմ` չարժե տեսքը ծանրաբեռնել զարդերով: Ես միշտ ասում եմ` «less is more» (թարգմանաբար` «չափից ավելին շատ է» - հեղ.) այս սկզբունքին պետք է հետևեն ոչ միայն պաշտոնյաների, այլև բոլոր կանայք»,- հավատացած է Միքայելը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Հովհաննիսյանը, ըստ Միքայել Շարաֆյանի՝ կարծես նախընտրում է «հիպիական» ոճը, որը շատ ընդունված էր 1970-ականներին: «Երկարաճիտ կոշիկները, փեշը, ժակետը, շապիկն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես մարմինը մի քանի մասի բաժանված լինի: Նման համադրությունը երբեմն նաև խիստ զինվորական տեսք է հաղորդում կանանց»,- ասում դիզայները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել