Ատամնաբուժարանի ֆոյեում նստած սպասում էի հերթիս: Մի քանի ամսագիր էր դրված սեղանին, վերցրեցի մեկն ու սկսեցի թերթել: Աչքովս ընկավ մի հոդված՝ «Что делать, если вам не хватает женственности?»:
Իմ համեստ կարծիքով՝ ինձ հերիքում է, բայց, այնուամենայնիվ, սկսեցի կարդալ, որովհետև պետք էր սպանել ժամանակը: Սկիզբը ոչինչ, չնայած շաբլոն ու տափակ էր: Այն էր՝ «Դեն նետեք կեդերը, հարմարավետ շալվարները և սկսեք հագնել շրջազգեստներ, բարձր կրունկներով կոշիկներ, ժանյակով զուգագուլպաներ»: Հեղինակի կարծիքով՝ դա գործի կեսն էր:
Մտածում եմ ՝ это и ежу понятно... Բա հետո՞...
Գնացինք առաջ...
Թե բա՝ «Научись плакать».
Մտածում եմ՝ իհարկե, մենք պետք է անպայման սովորենք լաց լինել: Լացող կինը շատ քնքուշ տեսք ունի, ու տղամարդկանց ուշքը գնում է լացող կնոջ համար: )))
Ջարդվել է արդո՞ւկդ՝ նստի՛ր ու լացի՛ր: Չէ՞ որ դու կի՛ն ես, քեզ պետք է հուզի այդպիսի բաներն ու հանկարծ չփորձես ինքնուրույն վերանորոգել արդուկը, դա կանացի չի: Գնա՛ ու գնի՛ր նորը: Սկզբում պետք է լացել, հետո զանգել տղամարդկանց ու նորից լացել: Գաղափարն այն է, որ 3 րոպեից քո դռան մոտ հերթ կգոյանա՝ արդուկ վերանորոգող ու նոր արդուկ նվիրող ցանկացողներից, ուղղակի պետք է չմոռանալ հագնել ժանյակով զուգագուլպաները, որովհետև ոչ ոք չի հասկանա, թե ինչ կանացի ես դու այդ պահին: )))
Հետո սկսեցին մառազմի հասնող խորհուրդները...
Ասենք, մոտովորապես էս մտքի մեջ՝ «Վարի տուր ընտանեկան խնայողությունները ՍՊԱ մերսման սրահներում»:
Մտածում եմ՝ դա արդեն քո համար «Այ կնիկ, դու հո չե՞ս գժվել» շարքից չի, դա ներդրում է, ներդրում՝ կանացիություն ձեռք բերելու սուրբ գործընթացում: Սկզբում մի քիչ կմռթմռթա, հետո հոգու խորքում հպարտ կլինի, որ բոլորի կանայք հին տաշտակներ են, իսկ նրանը՝ արծաթե հովտաշուշան:
Մյուսը՝ «Ավտոմեքենան կայանիր այնտեղ, որտեղ հարմար է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ պետք է... և հոգոց հանիր»:
Կամ սա՝ «Տղամարդը չպետք է տեսնի Ձեզ գազօջախի մոտ»
Մտածում եմ՝ այո՛, կանգնել գազօջախի մոտ կարմիր ֆիզիանոմիայով ընդհանրապես կանացի չի, որովհետև ինչպես բոլորիս հայտնի է՝ բոլոր լավ խոհարարները տղամարդիկ են, իսկ դու ներկիր եղունգներդ... Ախ, այդ անտանելի կարմիր լաքը, որ չի չորանում...
Այսքանով, օգտակար խորհուրդները, թե ինչպես են ձեռք բերել կանացիություն, ավարտվեցին:
Ամփոփենք.
Դու նետել ես կեդերը, շալվարները ու կրում ես ժանյակով զուգագուլպաներ, դու լաց ես լինում ջարդված արդուկի վրա, վարի ես տվել ամուսնուդ աշխատավարձը՝ ոտնաթաթերիդ մերսման վրա, փակել ես երեք ավտոմեքենայի ճանապարհը՝ սխալ կայանելու պատճառով ու երբեք չես մոտենա գազօջախին, որովհետև, ինչպես ռուսը կասեր՝ не царское это дело.
Վե՛րջ, հիմա դու հիասքանչ ես, դու ձեռք ես բերել կանացիություն: Դու կարող ես բնակարան ներխուժել այնպես, ինչպես Շարլիզ Թերոնը «Jadore»-ի գովազդում, միայն մի տարբերությամբ, դու չես քայլի մարմարե հատակի վրայով, ջահերի լույսի ներքո և մեծ սպիտակ ռոյալի կողքով, այլ այդ գեղանի ընթացքի ժամանակ, երբ հանում ես զգեստդ, ներքնաշորերդ ու զարդերդ, կճխլես քո սիրելի կատվին կամ շանը, շուռ կտաս մի քանի ծաղկաման, կանցնես տասնյակ արդուկների կողքով և կտեսնես, թե ինչպես քո սիրելի տղամարդը կաթված կստանա հրճվանքից:
Ահա այսպիսի հույժ կարևոր բաներ...
Ես՝ անտեղյակս, կարծում էի, որ կանացիությունը փափուկ, եթերային ու վաղացիկ մի բան է՝ ինչ-որ հատուկ բույրով: Անկախ նրանից, թե դու ինչպես ես կայանել, կրում ես ժանյակով զուգագուլպաներ, թե՝ ոչ, այդ ինչ-որ բույրը պետք է լինի, որ քեզ, նույնիսկ քո հասուն տարիքում, քնքշորեն ասեն՝ «Իմ փոքրիկ աղջիկ»... Նույնիսկ այն դեպքում, երբ դու կանգնած ես գազօջախի մոտ՝ սպորտային հագուստով...
Անկեղծ ուզում եմ հավատալ, որ վերը նշված հոդվածի հեղինակը կին չէր կամ կատակ էր, ու եթե այս ամենը գրվել է լուրջ դեմքով, պետք է փոխել և վերնագրել այսպես. «Как стать тупой стервой, и что делать, если у вас это не получается. Советы бывалых».