Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը (Մատթ. 18։8-9

Սուրբ Ավետարանի այս հատվածը, որտեղ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է գայթակղության մասին, թերևս ամենագայթակղիչներից է եղել քրիստոնեության ողջ պատմության մեջ. պատահական չէ, որ վաղ եկեղեցու այնպիսի կարկառուն ներկայացուցիչ, ինչպիսին Որոգինեսն էր, բառացի հասկացավ այս տողերը և բառացիորեն կիրառեց իր կյանքում։ Ակնհայտ է, որ Քրիստոս այստեղ խոսում է գայթակղությունից հեռու մնալու և արդյունքում «կյանք մտնելու» լավագույն ճանապարհի մասին, սակայն բոլորին է հայտնի, որ ինքնախեղման ցանկացած դրսևորում քրիստոնեկան տեսանկյունից պարսավելի է։ Եվ մյուս կողմից, եթե անգամ կտրես ձեռքերդ, մի՞թե կհաղթահարես, ասենք, գողության ցանկությունը, եթե հանես աչքերդ, մի՞թե կդադարես շնանալ մտովին։ Գլխացավը բուժելու լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ, ամենևին. անհրաժեշտ է սոսկ գտնել ցավի պատճառը, դրա աղբյուրը և պայքարելով դրա դեմ՝ վերջնականապես ձերբազատվել գլխացավից։ Եվ Հիսուսը հենց այս մասին է խոսում։ Մեր գայթակղությունների պատճառը, սիրելիներ, թաքնված է մեր ցանկությունների և հրապուրանքների մեջ. «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»,- ասում է Սուրբ Հակոբոսը (Հակ. 1։14-15)։
 
Գիտե՞ք, Ավետարանի հունարեն բնօրինակում այն բառը, որն օգտագործված է որպես «գայթակղություն», իր առաջին իմաստներով նշանակում է թակարդ, ծուղակ, որոգայթ։ Եվ սա պատահական չէ. ինչպես որսորդը թակարդ է պատրաստում և դրա մեջ քաղցր ու ցանկալի խայծ տեղադրում՝ կենդանուն գրավեու համար, ճիշտ այդպես էլ գործում է չարը՝ սատանան. մարդուն մեղքի մեջ գցելու համար նա որպես խայծ մեր առջև է դնում գայթակղությունը։ Կարճ ասած՝ գայթակղությունը մեղքի նախամուտքն է։ Եթե չհաղթենք առաջինին, 2-րդը հաղթահարելը անհնար պիտի լինի։ Հաղթանակի ամենակարճ ճանապարհը տալիս է Քրիստոսը՝ ցույց տալով հոգու վիրահատության ճանապարհը. որկրամոլությունը հաղթահարելու համար նախ պետք է հաղթես աչքածակությանը, շնությունը վերացնելու համար նախ պետք է սպանես բղջախոհությունը, ատելությունը ջնջելու համար պետք է պայքարես նախանձի և հպարտության դեմ, գողության հակումը ոչնչացնելու համար անհրաժեշտ է նախ հիմնահատակ քանդել ագահությունն ու ընչաքաղցություն։ Այս ճշմարիտ է ցանկացած մեղքի պարագայում. մեղքը չի լինի, երբ դադարի լինել դրա աղբյուրը։ 

Մի շատ գեղեցիկ պատմություն կա այն մասին, թե ինչպես են 2 վանականներ ուղևորվում մի գյուղ՝ քարոզելու։ Ճանապարհին հասնում են մի գետի, որը պիտի անցնեին լողալով։ Հանկարծ վանականներից մեկը նկատում է մի կնոջ, որը լողալ չիմանալու պատճառող շփոթված կանգնած էր ափին։ Այս վանականը գրկում է կնոջը և անցկացնում գետի մյուս կողմ։ Եղբայրները շարունակում են ճանապարհը։ Երեկոյան վերադառնալիս՝ մյուս վանականը դիմում է կնոջն օգնածին.

- Եղբա՛յր,- ասում է,- մի բան կա, որ պիտի ասեմ։ Դու գիտես, որ մեր ուխտը արգելում է մեզ մինչև իսկ կնոջ հետ խոսել, իսկ դու առավոտյան գրկեցիր այդ կնոջը և անցկացրիր գետով, մեծ մեղքի մեջ ես։
Մյուս վանականը պատասխանում է.
- Գիտե՞ս, ես այդ կնոջն առավոտյան անցկացրի և թողեցի գետի ափին, իսկ դու մինչև հիմա տանում ես նրան քեզ հետ քո մտքերում։

Սիրելինե՛ր, չմոռանա՛նք, թե ինչ է ասում Աստծո Խոսքը. մենք փորձվում ենք մեր ցանկություններից, մեր ցանկությունները, որ գայթակղություններն են, մեղք են ծնում, իսկ մեղքը հասունանալով՝ մահ։ Քրիստոս Աստված այսօրվա ավետարանական խոսքով մեզ հուշում է, որ «կյանք մտնելու», չմեռնելու, այլ ապրելու համար վիրահատական միջամտություն է պետք, անհրաժեշտ է հոգուց ու սրտից կտրել ու մի կողմ նետել մեղքի տանող գայթակղությունը։ Որքան էլ այս վիրահատությունը մեզ համար ցավոտ լինի, որքան էլ մեր ցանկություններն ու հրապույրները թանկ լինեն սեփական աչքի, ձեռքի, ոտքի չափ, միևնույն է, կապրենք, եթե կտրենք գայթակղությունը մեր հոգուց, որովհետև «լավ է, որ միականի, մտնենք կյանք, քան երկու աչք ունենանք և ընկնենք գեհենի կրակը»։ Ընտրությունը մերն է։ 

Տերը թող զորացնի մեզ բոլորիս կենսական այս պայքարում. Ամեն։

Հայրավանք
29.07.12

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել