Տարօրինակ է, թե ինչու են մեր շատ հայրենակիցներ այդքան անհամբեր սպասում նրան, թե կասի՞ արդյոք Օբաման «Ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ։ Շատերը պարզապես չեն գիտակցում, որ զուտ այդ բառն օգտագործելուց մեծ հաշվով ոչ մի բեկումնային փոփոխություն չի լինելու ո՛չ Ցեղասպանության շուրջ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հարցում, ո՛չ էլ առավել ևս Ցեղասպանության համաշխարհային գործընթացի առաջխաղացման հարցում։
Քչերը գիտեն, բայց ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանն արտաբերել է այդ բառը ելույթի ժամանակ, ու ինչպես տեսնում եք՝ սայլը մինչ օրս էլ տեղում է։ Պետք է հասկանալ, որ դա ընդամենը դեկորատիվ դետալ է, որն ընդհանուր առմամբ ոչ մի բան չի տալիս մեզ ու ոչ մի բանի չի պարտավորեցնում Թուրքիային։
Քչերը գիտեն նաև, որ եթե անգամ ԱՄՆ-ի բոլոր նահանգներն առանձին-առանձին ընդունեն Ցեղասպանությունը, դա էլի չի փոխելու ընդհանուր պատկերը, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչվել դաշնային իշխանությունների՝ Կոնգրեսի, Սենատի ու Սպիտակ տան կողմից։ Ընդ որում, զուտ ընդունելը դեռ գործի կեսն է, ու եթե ընդունելուց հետո հետագա քայլեր չձեռնարկվեն, ապա այդ ամենը շարունակում է հանդիսանալ դեկորատիվ գործողություն։
Թուրքիային պատասխանատվության կոչելու համար զուտ ճանաչումը դեռ քիչ է։ Պետք է ճանաչած պետություններն ու հատկապես ՄԱԿ-ում ու այլ միջազգային կառույցներում որոշումներ ընդունելու վրա ազդեցություն ունեցող պետությունները կոնկրետ գործողություններ ձեռնարկեն, որոպեսզի Թուրքիան պատասխանատվության կոչվի՝ համաձայն միջազգային իրավունքների նորմերի, ու միայն այդ դեպքում մենք կարող ենք ակնկալել ինչ-որ որոշակի հետևանքներ, իսկ մնացածն արդեն ինֆանտիլիզմի ու միամտության դրսևորումներ են, այդ թվում՝ Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերմանը սրտատրոփ սպասելը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=469072723257641&id=100004647524817&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել