Interpress.am-ը գրում է.
Անկարայի կողմից այդ օրվա փոփոխությունը, որը հանգեցնում է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների օրվա հետ համընկնելուն, որակվել է որպես «անպարկեշտ խուսանավում»:
Թուրքիան մեղադրվել է Հայոց Ցեղասպանության անխուսափելի հարյուրամյակի միջոցառումները ստվերելու մեջ՝ Գալլիպոլիի իր ոգեկոչման օրը տեղափոխելով և դնելով այն օրը, ինչ երբ Հայոց Ցեղասպանության տարելիցն են ոգեկոչում:
1915 թվականի Գալլիպոլիի թերակղզու ռազմական գործողությունների տարեդարձը մշտապես նշվել է ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածների տարելիցի օրվա հաջորդ օրը: Այս տարի, սակայն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետությունների առաջնորդներին հրավիրել է Գալլիպոլիում իրեն միանալ ապրիլի 24-ին: «Սա շատ անվայելուչ քաղաքական խուսանավում է»,- ասում է հետազոտող և Ագոսի՝ հայկական շաբաթաթերթի լրագրող Օհանես Քիլիչդաղին:
«Դա էժան քաղաքականություն է, որի նպատակը այդ միջոցառման 100-ամյակի կազմակերպման հետ կապված՝ Թուրքիայի վրա ճնշումը թուլացնելն է»: «Բոլորին հայտնի է, որ Գալլիպոլիի հետ կապված՝ հիշատակման 2 օրերը անցկացվել են ամեն տարի մարտի 18-ին և ապրիլի 25-ին»:
Արքայազն Չարլզը, արքայազն Հարրին, Թոնի Էբբոտը, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հաստատել են, որ մասնակցելու են Գալլիպոլիի միջոցառմանը:
Որպես ապրիլի 24-ի ծրագրի մի մաս՝ միջոցառումներ կանցկացվեն մի քանի ռազմական գերեզմաններում: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նշել է, որ Գալլիպոլիի ոգեկոչման ամենամյա միջոցառումները «տարիներ շարունակ» նշվել են ապրիլի 24-ին և 25-ին:
Նույն ժամանակ հարյուրավոր մարդիկ կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ 2010 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում են Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Մեկ այլ միտինգ կանցկացվի Դիյարբեքիր քաղաքում՝ կարևոր մի կենտրոն, որտեղից նահանգի նահանգապետը ղեկավարել է 1915 թվականի զանգվածային կոտորածները: Հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից մի շարք բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ:
Հայերը «ամոթալի» են կոչել միջազգային հասարակության ուշադրությունը Հայոց կոտորածների տարելիցից շեղելու՝ Թուրքիայի ջանքերը: «Դա ուղղակի Գալլիպոլին չէ,- ասում է հայ սյունակագիր և լրագրող Նազար Բույումը,- ինչ որ մեկը նույնիսկ համարձակություն է ունեցել առաջարկել՝ ապրիլի 24-ին Գալլիպոլիին նվիրված համերգ անցկացնել Ստամբուլի հայկական եկեղեցում: Կառավարությունը ամեն ինչ անում է այս տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի արարողությունները խամրեցնելու համար»:
Թուրքիան հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի կոտորածների համար: Վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաները հարձակվել են Պապի և ԵՄ-ն վրա՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ