Այսօր ընկերներս ծառատունկի են մասնակցել: Ակամայից հիշեցի մութ ու ցուրտ տարիները, երբ ազգաբնակչությունը ստիպված անխնա կտրում էր բակերի ծառերը: Հայրս այդ օրերին ողջ գիշերներն անցկացնում էր բակում: Գուցե սա էր պատճառը, որ մեր բակում ոչ մի ծառ չկտրվեց, և այսօր այն հանդիսանում է թաղամասի ամենագեղեցիկ այգիներից մեկը` շնորհիվ ավելի քան 40-ամյա ծառերի: Հայրս իր կյանքում բազում ծառեր է տնկել։ Նա միշտ ասում է, որ ամեն ծառը նոր սկիզբ է: Հայրենակիցներս, որոնք լքել են մեր երկիրը, վստահ եմ, որ շատ ծառեր են թողել Հայաստանում: Ուղղակի միշտ պետք է հիշել, որ յուրաքանչյուր ծառ նաև խնամքի կարիք ունի: Գուցե դրա հետ են կապված ծառ տնկելու, տուն կառուցելու ու զավակ մեծացնելու հայտնի խոսքերը: Հորս հետ ոչ մի ծառատունկի չեմ մասնակցել: Հուսով եմ, որ մի օր, Աստծո կամոք, զավակներիս հետ այդ բացը կլրացնեմ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել