Պաթոսը, հայրենիքի նկատմամբ սերը բանաստեղծական ելևէջներով սեփական երեխաների ուղեղները խցկելը հասարակության հասունության պակասից է գալիս: Օրինակ՝ նման պաթոսով անգամ կենցաղում են խոսում Հս. Կորեայի բնակիչները, որովհետև այդպես են նրանց սովորեցրել:
Այսօր, երբ քիչ թե շատ ազատություններ ունենք, շարունակում ենք մանկապարտեզներում ու դպրոցներում մեր երեխաների գլուխները լցնել հանգավորված ծովից ծով-երով, հողեղենի փոխարեն հոգեղեն հայրենիքներով, պատմական հողերով և նյութեղենից բացի՝ ամեն ինչով: Դեռ չձևավորված երեխային ստիպում ենք աջ ու ձախ բռունցք թափ տալ, հայ լինելը համարել վերերկրային, ոչ սովորական մի բան՝ նորմալ քաղաքացիների փոխարեն ձևավորելով չորս տարեկանից թախծոտ հայացքով ու հայդատական աղվամազով մի անհասկանալի խառնամբոխ: Եվ հենց դա է պատճառը, որ առ այսօր մեր հասարակությունը որևէ հարցի շուրջ կոնսենսուս չունի, որովհետև պաթոսից ու շինծու հայրենասիրությունից դուրս ցանկացած քննարկում ավարտվում է «դուք հայ չեք», հիմա «թուրքն ուրախանում է» և այլ հետամնաց բարբաջանքներով:
Մի հատ նայեք մեր երեխաների համար կազմակերպվող հանդեսներին՝ ամենուր թուրք, մազապուրծ ժողովուրդ, հետևը սուր, առաջը ջուր, Մշո, Սասնա, Ադանո ինչ-որ բաներ... Դաստիարակության մեխը մարդու կենսագործունեությունից դուրս ամեն ինչն է՝ զուբրիտ արած տափակ բանաստեղծություններ այդ երեխաներին անհասկանալի երևույթների ու կորուսյալ Սասնա հայրենիքի մասին: Մինչդեռ ոչ մի հանդես ու միջոցառում չկա՝ ատամները լվանալու հիգիենայի, փողոցում աղբ թափելու անթույլատրելության, ծորակը բաց թողնելու վնասների, սեփական մարմինը ճանաչելու, ծխախոտի վտանգավորության, ուտելու հիգիենայի, արև-անձրևից պաշտպանվելու և նման այլ պրիմիտիվ, բայց շատ կարևոր բաների մասին: Այդ երեխան մեծանում է՝ գլուխը լցված բազմաթիվ տափակաբանություններով, բայց ոչ երբեք հասարակության մեջ ներդաշնակ ապրելու համար անհրաժեշտ գիտելիքներով:
Հանգավորված հայրենիքներ երգելով և ազգային ցավով տապակվելով՝ այդ ապագա քաղաքացին մաքսիմում me remember ողբանվագով մասնակցի պետականաշինությանը, մինչդեռ պետություն կառուցելու համար առաջին հերթին ապագա քաղաքացուն պետք է սովորացնել վերը նշված հասարակ, հիգիենիկ և հասարակության մեջ ներդաշնակ ապրելու համար կարևոր բաները...
Եվ, ցավոք, մենք դեռևս շարունակում ենք պետության փոխարեն հայրենիք կառուցել: Որովհետև հայրենիք ունենալու համար հարկավոր է մեկ զույգ թախծոտ աչքեր, մեկ հատ ցեղասպանությունը դատապարտող լոզունգով վերնաշապիկ և մեկ երեխա, որի գլուխը կարող ես խցկել շուն թուրքի մասին բանաստեղծություններով: Իսկ պետություն կառուցելու համար հարկավոր է հարկեր մուծել, ընտրությունների ժամանակ չտրվել մի քանի դրամի գայթակղությանը, փակ պահել ծորակները, թեկուզ եթե ջրաչափ չունես տեղադրած, աղբը փողոցում չթափել, վայրենավարի չջարդել քաղաքիդ տաքսաֆոնները, փողոցը հատել սահմանված վայրով, երբեմն մաքրել սեփական բակը և նմանատիպ բաներ, որոնք որոշակի պատասխանատվություն ու ջանքեր են պահանջում...
Ու քանի որ հայրենիք կառուցելը էժան է նստում, մենք նախընտրում ենք այդ ուղին...
Մի՛ արեք այդպես, թուրքը տեսնում, ուրախանում է...