ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության
պատգամավոր

Երբ մտածում եմ մեր երկրում հասարակության զարգացման առանցքային խնդիրների մասին, ապա հակասական զգացմունքներն անխուսափելի են:

Իսկապես, մի կողմից խիստ մտահոգիչ է բազմաթիվ հայաստանցիների արտագաղթը. մեր հազարավոր հայրենակիցները լքում են իրենց հայրենիքը, օտար ափերում բախտ որոնելու հույսով, հաճախ լքում են անվերադարձ՝ չպատկերացնելով անգամ՝ ուր են գնում, ինչ կարող են ակնկալել և ումից: Այս ցավալի եզրահանգմանը գալու համար վիճակագրությունը բավարար չէ, հարազատ-բարեկամների, հարևանների ու նրանց ընկերների պատմություններն ավելի խոսուն են ու հուզող: Սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակում Հայաստանը լքողներից շատ քչերն են կարողանում իրենց վերագտնել հեռավոր կամ մերձավոր, սակայն միշտ օտար ափերում: Կորցնում է հայաստանցին, կորցնում է նրա ընտանիքը, կորցնում է երկիրը:

Մյուս կողմից՝ իրենց հողում ամուր արմատներ ձգած ու այդ հողում առողջ ու մրցունակ սերունդ թողնելու հարցում վճռական հայաստանցիների թիվն օրավուր աճում է: Դրա վկայությունն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորող հայաստանցիների թվի աննախադեպ աճն է: Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել և թափ են առել բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր երկրի ու հասարակության կյանքի համար կարևորագույն խնդիրների լուծմանը: Հայաստանցին այլևս չի հանդուրժում հատվող անտառը, իր անտառը, իր ու իր զավակների շունչն ու հարստությունը: Չի համակերպվում իր քաղաքի պատմությունն ու մշակույթն աղավաղող ճարտարապետական թյուրիմացություն-նախաձեռնություններին: Նախաձեռնություններ, որոնք հաճախ քաղաքաշինական հիմնավորումներով կործանում են քաղաքակրթության մեր ժառանգությունը՝ այս երկու եզրերը բերելով բախման, մինչդեռ ժամանակակից աշխարհում այդ եզրերը վաղուց միմյանց փոխլրացնում և զորացնում են: Ակտիվ հայաստանցիների օրեցօր մեծացող ու հզորացող բանակը չի ուզում ձեռնպահ մնալ իր քաղաքի, իր երկրի, իր զավակների համար բախտորոշ խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելուց:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ես կբարձրաձայնեմ հասարակական դաշտի խնդիրները, քանի որ հանրային դաշտն ինձ առավել քան հարազատ է: Փորձելու եմ կամրջել քաղաքացիական հասարակության խնդիրներն ու օրենսդրի աշխատանքը: Անհրաժեշտ է նոր հայցակարգ մշակել քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև օրենսդրական բարելավում ոչ-կառավարական եկամուտ չհետապնդող ինստիտուտների համար և նոր մեխանիզմների մշակման և ներդրման ֆինանսական կայունության և հարատևության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել