Տնտեսական խնդիրներով մտահոգ մարդիկ, կարծես թե, բաժանվել են երկու մասի: Ոմանք անընդհատ քննադատում են կառավարությանը, թե չեն կարողանում ներդրումներ ապահովել, տնտեսությունը զարգացնել, ինչի հետևանքով կանխատեսում են տնտեսական աճի անկում՝ ներդրումների նվազումը պայմանավորելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության փաստով: Ասել է թե՝ եվրոպական գործընկերները կորցրել են հետաքրքրությունը մեր հանդեպ:
Ուրիշները խիստ մտահոգված դեմքերով մտահոգիչ են համարում, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ ներգրավվել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի հասնող վարկային միջոց, ինչի արդյունքում արտաքին պարտքը մոտենում է համախառն ներքին արդյունքի 50 տոկոսին, որը նրանց կարծիքով վտանգավոր եզրագիծ է:
Հայրենի կառավարությունն էլ, իր հերթին, օրերս հերթական «նվերը» մատուցեց «մտահոգ» վերլուծաբաններին՝ հաստատելով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ համաձայնագիրը. 52 մլն. ԱՄՆ դոլար վարկով բարելավվելու են էլեկտրահաղորդման ցանցերը, վերակառուցվելու են մի շարք ենթակայաններ և օդային սպասարկման գծեր:
Եթե սրան ավելացնենք, որ Եվրոպական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից որպես ներդրումային վարկ ապրիլին տրամադրվել է 150 միլիոն դոլար՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորման համար, ապա պետք է նկատել, որ կառավարությունը լավ էլ ականջալուր է նրանց մտահոգություններին, ովքեր կարծում են, որ տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ են նորանոր ներդրումային ծրագրեր:
Համեմատության համար ասենք, որ եվրոպական մի շարք երկրների արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 174 տոկոսը, իսկ Ամերիկայի միացյալ նահանգների արտաքին պարտքն այնպիսի չափերի է հասել, որ վտանգ է ներկայացնում ոչ միայն իրենց, այլև համաշխարհային տնտեսության համար:
Հ.Գ. Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիր Հենրի Ֆորդը, երբ թողարկում էր առաջին ավտոմոբիլները, ասում էր. «Եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, ապա նրանք կպատասխանեին՝ «ավելի արագավազ ձիեր»: