Ankakh.com-ը գրում է.

«Անկախը»հարցազրույց է ունեցել Հայաստանում գտնվելու ընթացքում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի անվտանգությունն ապահոված մասնագետներից Սարգիս Բազինյանի հետ: Նա Անվտանգության հատուկ միջազգային ակադեմիայի փոխտնօրենն է, կրավ մագայի միջազգային էքսպերտ է, քիք-բոքսինգի և մուայ թայ բոքսինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

- Սարգիս, որքանո՞վ ու ինչպե՞ս եք մասնակից եղել Քարդաշյանների անվտանգության ապահովմանը նրանց Հայաստանում գտնվելու հինգ օրերի ընթացքում:

- Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան զբաղվում է անվտանգության ոլորտի մասնագիտություններ սովորեցնելով ու ոլորտի կադրերին պարբերաբար վերապատրաստելով: Սակայն, Քարդաշյանների գալուց մոտ 2 օր առաջ մեզ դիմեց «Պանտերա սեքյուրիթի» ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը` խնդրելով, որ Անվտանգության հատուկ միջազգային ակադեմիան ևս ներգրավվի Հայաստան ժամանող հյուրերի անվտանգության ապահովման գործում: Իրենք նախկինում մի քանի հայտնի մարդկանց անվտանգությունն ապահովել են մեր երկրում, բայց այս դեպքը տարբերվում էր իր բնույթով և աշխատանքի ծավալով:

Քարդաշյանի անվտանգության աշխատակից

Ես պետք է անվտանգության աշխատակիցների աշխատանքը համակարգեի, իսկ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը խորհուրդներ տար` ինչ անել, երբ անել, որ հարցով ում դիմել և այլն:

Սակայն, շուտով հասկացա, որ միայն խորհուրդներով հարցին մասնակի լուծում կտանք, սկսեցի տղաների հետ հավասար աշխատել որպես Քարդաշյանի անձնական անվտանգության աշխատակից:

- Ինչո՞վ էր բարդ Քարդաշյանների անվտանգության ապահովումը: Ինչո՞վ էր այն տարբեր մյուս հայտնի մարդկանց անվտանգության ապահովումից:

- Եթե գալիս է Ազնավուրը (չեմ ուզում համեմատել Ազնավուրին ու Քարդաշյանին, զուտ անվտանգության աշխատակցի գործն եմ ուզում բացատրել), նրան սիրում են գրեթե բոլորը և մեծ հարգանքով են վերաբերվում` հաշվի առնելով նրա տարիքն ու վաստակը: Համակիրներն էլ մեծ մասամբ միջին տարիքի մարդիկ են, որոնք հաստատ չեն վազի նրա հետևից, չեն փորձի հագուստից մի բան պոկել կամ չեն թռչի-կախվի վզից, որ լուսանկարվեն: Քարդաշյանն ու Ուեսթը միջազգային մակարդակի աստղեր են, նրանց հիմնականում սիրում են երիտասարդներն ու պատանիները, որոնք հախուռն են արձագանքում, իրենց երկրպագած աստղին դիպչելու կամ նրա հետ սելֆի անելու համար տարբեր քայլերի են դիմում:

Քարդաշյանի անվտանգության աշխատակից

Սովորաբար, ցանկացած միջոցառում նախապես հաստատված օրակարգ ունի, որում հստակեցվում են ամեն մեկի պարտականությունները: Օրակարգը սովորաբար մի քանի օր, երբեմն անգամ ամիս առաջ հանձնվում է անվտանգության աշխատակիցներին: Բայց Քարդաշյանի և Ուեսթի պարագայում նման բան չկար: Օրակարգն իմանում էինք միայն առավոտյան: Եվ մեծ մասամբ մեր այցելած վայրերը չէին համապատասխանում թղթի վրա գրվածին: Օրինակ` եթե պատվիրատուն Կասկադ պիտի գնա, անվտանգության աշխատակիցները նախապես պետք է տեղազննություն իրականացնեն, գործողությունների պլան կազմեն: Բայց քանի որ մենք ուշ էինք տեղեկանում, ստիպված էինք ամեն ինչ հանպատրաստից անել:

VIP անձի դեպքում պարտադիր չէ, որ ցանկանան նրան վնասել, երկրպագուները ցանկանում են որպես հուշ որևէ իր ստանալ նրանից, դիպչել նրան կամ սելֆի անել նրա հետ: Նաև նման հայտնի մարդիկ անկանխատեսելի ու կամակոր են, նրանց հետ աշխատելու համար հարկավոր է մեծ փորձ ունենալ: Բայց Քիմի ու Քանյեի մասին լավ կարծիք ունեմ, իրականում համեստ մարդիկ էին:

Ես հիմնականում աշխատում էի Քանյե Ուեսթի հետ: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ առանց օժանդակ ուժերի ուղեկցել եմ նրան, քանի որ չէր սիրում, որ իր կողքին շատ մարդիկ լինեն:

- Քանյե Ուեսթն այցի սկզբնական օրերին ուշադրությունից մի փոքր դուրս էր: Ինչո՞վ էր նա զբաղված այցի ընթացքում:

- Քանյեն քչախոս էր, նրանից եզակի խոսքեր կարելի էր լսել, իրեն պահում էր համեստ, առանց ավելորդությունների: Չի սիրում, երբ իրեն շատ են մոտենում, տարածություն է սիրում, ավելի շատ մտածում է, քան արտահայտվում:

Պաշտոնական այցելություն եղել է միայն «Թումո»: Այնտեղ շրջեց սենյակներով, ծանոթացավ երեխաների աշխատանքին, երգեց նրանց հետ, ինչը շատ ոգևորեց երեխաներին: Մնացած այցերն անձնական են եղել. զբոսանք, ճաշ, ընթրիք: Պաշտոնական այլ այցեր չեն եղել, քանի որ այցը Քիմինն էր, իսկ ինքը` որպես սիրող ամուսին, եկել էր կնոջն աջակցելու:

Քարդաշյանի անվտանգության աշխատակից

- Իսկ համերգի մասին որոշումն ինչպե՞ս կայացվեց:

- Վերջին օրն էր: Երեկոյան ժամը 8-ին մեզ հատկացված օրակարգն ավարտվում էր, և մենք ազատ էինք մինչև առավոտ, երբ նրանց պետք է օդանավակայան ուղեկցեինք: Բայց Պասկալը զանգահարեց, թե Ուեսթը ցանկանում է ընթրել, իսկ հետո ասաց, որ Ուեսթը ցանկանում է երգել հայ հանդիսատեսի համար: Հետաքրքրվում էր, թե որ ակումբում կարող ենք կազմակերպել, երևի մտածում էին, որ մեզ մոտ էլ մեծ ակումբներ կան, որտեղ մի քանի հազար մարդ կարող է տեղավորվել: Ռեստորանային համալիրների մասին էինք մտածում, հետո հասկացանք, որ պատրաստվելու համար բավարար ժամանակ չկա: Բացի այդ, կարծում էինք, որ 21 «Գրեմմի» ունեցող աստղի համերգը լսել ցանկացողները շատ կլինեն: Երկար քննարկումների արդյունքում համերգի համար ընտրեցինք Կարապի լիճը:

Համերգը կազմակերպվել է թիմի անձնական կապերի ու միասնական աշխատանքի շնորհիվ: «Ռիչ» սրճարանի տերը, որ իմ համակուրսեցին է եղել, տեխնիկական ապահովում իրականացրեց, նաև քաղաքապետարանի ու ոստիկանության հետ կապ հաստատեց, համապատասխան թույլտվություններ ձեռք բերեց: Ահագին դժվարություններ եղան: Նմանատիպ համերգները սովորաբար կազմակերպվում են ամիսներով:

Երբ Ուեսթին ներկայացրեցինք իրավիճակը, հասկացավ, ասաց, որ վստահում է մեզ: Այդ պահին Քանյեն, Քիմը, Պասկալը գրառումներ կատարեցին սոցցանցերում: Ես Պասկալի կողքին էի, երբ գրառումը կատարեց Ինստագրամում: Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց դրանից հետո. հարյուրավոր լայքեր ու մեկնաբանություններ: Ես Պասկալի կողքին էի, քանի որ մեկնաբանությունների մի մասը հայերեն էր, հարցնում էր, թե ի՞նչ են գրում:

Քանյեին ու Քիմին անձամբ եմ ուղեկցել Կարապի լիճ: Նախատեսվածից կես ժամ ուշ դուրս եկան: Երբ տեղ հասանք, տեսանք, որ մի քանի հազարի մասին չէ խոսքը, մոտ տասը հազար մարդ էր հավաքվել ու դժվար էր առաջ անցնելը կամ ճանապարհ խնդրելը: Ոստիկանության աշխատակիցները հնարավորության սահմաններում ճանապարհ բացեցին. նախ տարանք Ուեսթին, քանի որ միաժամանակ երկուսին տանելն անհնարին կլիներ նեղ ճանապարհով, հետո` Քարդաշյանին:

Համերգը երևի 20 րոպե էլ չտևեց, բայց րոպե առ րոպե մարդկանց թիվը հարյուրներով ավելանում էր, օղակն էլ գնալով սեղմվում էր: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու ցատկեց ջուրը: Իմ կարծիքով` պատճառը հետևյալն էր. անընդհատ տեխնիկական խափանումներ էին լինում, քանի որ 30-40 րոպե էին աշխատել այդ ամենը կազմակերպելու համար: Հերթական խափանումից հետո պարզ էր, որ ահագին ժամանակ էր պետք լինելու, որպեսզի կարգավորվեր ու նորից սկսեր երգել: Այդքան էլ սպասել չէր լինի: Փորձեց գեղեցիկ ավարտել ու ցատկեց ջուրը: Ցատկի ժամանակ ձեռքը պատռել էր: Երբ տեղ հասցրեցինք, առաջին օգնություն ցուցաբերեցինք: Ցատկն անսպասելի էր: Նրանից հետո հարյուրավոր մարդիկ նետվեցին ջուրը, որպեսզի կարողանան դիպչել իրենց սիրելի կատարողին կամ լուսանկարվեն հետը: Ամենաէքստրեմալ պահը երևի դա էր:

Ուեսթին ջրից հանեցինք, մեքենա տարանք, հետո Քարդաշյանի հետևից գնացինք: Չնայած այդ 4 օրերի ընթացքում Քանյեին ժպտալիս եզակի թվով մարդիկ են տեսել, համերգի սկսած պահից ժպիտը նրա դեմքից չէր պակասում:

Քարդաշյանի անվտանգության աշխատակից

- Հատկապես որտե՞ղ էր բարդ նրանց անվտանգությունն ապահովելը, ուրիշ ի՞նչ էքստրեմալ վիճակներ են եղել:

- Կարող եմ 3 դեպք մատնանշել: Ամենաբարդը համերգի պահն էր, որի մասին խոսեցի: Երկրորդն այն պահն էր, երբ Քարդաշյան քույրերին «Դոլմամայից» պետք է ուղեկցեինք մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող հուշանվերների խանութ: Ժողովուրդը շատ էմոցիոնալ էր արձագանքում: Շատ դժվար եղավ: Անգամ Քլոեի հեռախոսը կոտրվեց: Մինչև գնալն արդեն հետդարձի ճանապարհները որոշել էինք. մեր գործում առնվազն 3 տարբերակ պետք է ունենաս, այլապես ռիսկը մեծ կլինի: Մի մեքենան կանգնեց գլխավոր մուտքի մոտ, բայց հետնամուտքով երկրորդ մեքենայով նրանց դուրս տարանք: Ժողովուրդն արագ նետվեց մեր կողմ, բայց նրանք արդեն մեքենայի մեջ էին:

Երրորդ ամենաէքստրեմալ պահը Գյումրու Յոթ վերք եկեղեցում էր: Նախապես մուտքի ու ելքի ուղիներ էինք մշակել: Աստծո տունն է, բայց միևնույն է, փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդն իրեն անկանխատեսելի է պահում: Երբ հասանք, պսակադրությունից հետո նորապսակ զույգը դուրս էր եկել ու նկարահանվում էր, այդ կողմով չէինք կարող գնալ և մտանք ելքով: Հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը լրագրողներ էին, տեսախցիկներով մեր հետևից եկան: Խնդրել էին, որ հնարավորինս թույլ չտանք վիդեոկադրեր, քանի որ նկարահանում էին Ցեղասպանության մասին ֆիլմ, որում այդ աժիոտաժը ցանկալի չէր:

Աղջիկները պետք է մոմ վառեին, լիազոր մարմնին հարցեր տային: Բայց քանի որ ուշացումով էին տեղ հասել, արդեն ժամը 5-ն էր` ժամերգության ժամն էր: Դռներն իրականում չեն փակվել, կիսածածկվել են, որպեսզի մարդիկ չմտնեն ու նկարահանումներ չանեն: Երբ մի դռնով փորձում է միաժամանակ 200 հոգի ներս մտնել, չես կարող պահել, դրա համար կիսածածկվել էր, որ աշխատակիցը կարողանար պահել, ներս չմտնեին: Բնականաբար, ամբոխի մեջ կարող էին լինել նաև մարդիկ, որոնք ժամերգության էին եկել: Սրբազանը բարկանալու իրավունք ուներ, նրա գործողությունները չի կարելի դատել: Պասկալի հետ միասին աղջիկներին տարհանեցինք էդտեղից, բայց նկարահանումները կիսատ մնացին:

- Ըստ Ձեզ, Քարդաշյաններն ու Ուեսթն ի՞նչ տպավորություններով հեռացան Հայաստանից:

- Տպավորված էին ընդունելությամբ: Քիմի ու Քլոեի խոսակցություններից կարող եմ ասել, որ չէին սպասում նման հախուռն արձագանք: Նրանք, իհարկե, միջազգային մակարդակի աստղեր են, նրանց բոլորն են ճանաչում, բայց որ Հայաստան առաջին այցելությունը նման արձագանք կունենա, չէին սպասում: Նրանց շատ էին դուր եկել մեր բնությունը, մեր էթնիկ արվեստը` տարազներ, երաժշտություն: Քանյեն մեր երաժշտության մասին ասում էր, որ հետաքրքիր զգացողություններ է ապրում լսելիս: Տպավորված էին նաև եկեղեցիներով, հնությունը, կրոնական ու պատմական շունչը ոգևորել էր նրանց, չնայած ընդամենը երկու տաճարում հասցրեցին լինել: Բոլորին անխտիր դուր էր եկել մեր խոհանոցը, մեր ուտելիքների համը: Եվ Պասկալի խոսքերից հասկացա, որ մոտ ապագայում երկրորդ այցելություն կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել