Ես ու վարչապետն ահագին նմանություններ ունենք.  օրինակ, հասարակ բան՝ ինձ ասում են՝Արամ ձյաձյա, իսկ վարչապետին՝ պարո՛նվարչապետ։ Բայց, չէ, սա ոնց որ էնքան էլ նմանություն չէր… բայց նմանություններ հո շատ կան։ Օրինակ, երկուսս էլ խոսելուց լավ ենք, իսկ գործի մեջ՝ դե ընենց… առանձնապես չկանք։ Ամենակարևորը՝ վարչապետն էլ, ես էլ շատ ենք կարևորում գիտությունը։ Կարևորում ենք, բայց մե՞ջն ինչ կա։ Տարբերություններ էլ կան. վարչապետը սկզբում շատ էր խոսում գիտելիքահենությունից, նույնիսկ ֆեյսբուքներում սկսեցին լուրջ քննարկել՝ գիտելիքահե՞ն, թե՞ գիտելիքահենք, վերջն եկան կանգնեցին առանց ք տարբերակի վրա, բայց գիտությանն էդ հեչ բա՜ն էլ չտվեց։ (Էս երկրում թե մի բանով կարանք գլուխ գովալ՝ էն է, որ գիտելիք ունենք: Դրա համար էլ գիտելիքահեն ա ասում: Բա որ ծո՜վ ունենայինք, ծովից-ծով Հայաստա՞ն՝ ի՞նչ պիտի ասեր… – թարս բանա ստացվում:) Վարչապետին մի քիչ ձեռ առան. ու գործ, մեկա՝ չարեց, բայց պետության հիմքում գիտելիք դնելու մասին խոսելը թարգեց։ Գործում ես էլ չկամ, բայց, ի տարբերություն իրա, ես «մինչ ի մահ, կախաղան, մինչև անարգ մահու սյուն» միտք չունեմ գիտության թեման թարգելու։ «Ես Արամն եմ, քաջ Արա~մը…»

Մենք երկուսս էլ շրջապատում հարգված, շրջապատ ունեցող մարդիկ ենք, մանավանդ որ 1–2 բաժակ գցում ենք, ավելի ընկերական ենք դառնում։ Դե տարբերությունն էլ՝ որ խմելուց հետո ես կիթառս վերցնում սկսում եմ երգել, իսկ վարչապետը, պաշտոնի բերումով, եթեր ա դուրս գալիս. դե իրա երգն էլ՝ էդ ա։ Ի՞նչ անի. մի ամբողջ ազգ իրա երգին ա սպասում, որ ուրախանա, ժողովուրդն արդեն հասկացել ա, որ վարչապետն, ինձ պես, մենակ երգող ա, գործ անող չի։

Վարչապետը բլոգ ունի, ես՝ ֆեյսբուքում էջ։ Ինքն իրա բլոգում խորհուրդ էր տալիս կարդալ «Սպիտակամորուսը», որ ժողովրդին շեղի, իսկ ես խփում եմ նշանակետին, խորհուրդ եմ տալիս՝ ժողովո՛ւրդ, կարդացեք Ավետիք Գրիգորյանի՛ գիրքը։ Մարդը մեծ գործ ա արել, արտասահմանում էդ մարդուն թևերի վրա կտանեին, իրա ուսանողներն են ապահովում մեր երկրից օլիմպիադա գնացած երեխեքի բերած հաղթանակների համարյա կեսը, համարյա մեծ մասը (…բայց մի հատ տղաներին պետքա հարցնել, թե իրականում ինչքանն են բերում, հանկարծ սխալ բան ասած չլինեմ :) Գո՜րծ ա անում մարդը, ու, ի տարբերություն ինձ ու վարչապետի, շատ խոսել չի սիրում, դրա համար մարդուն քչերն են ճանաչում։ Ես բլոգ չունեմ, բայց ունեմ ֆեյսբուքում էջ, համեցե՛ք… էջումս խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել Ավետիքի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքին, վարչապետին էլ եմ կոչ անում, քանի որ Ավետիքի պես մարդիկ են մեր երկիրը դարձնում գիտելիքահեն, ոչ թե իմ ու վարչապետի նման՝ պռոստո խոսողները։

Հետո՝ ես ու վարչապետը գիրք շատ ենք սիրում, չնայած (խոսքը մեր մեջ) գիրք կարդալ քչերն են սիրում, քչերը, բայց արժանավորները՝ մեկը ես ։) Վարչապետը նույնիսկ գրքի օր՝ տոն էր հայտարարել ու խորհուրդ տվել էդ օրն իրար գիրք նվիրել։ Վատ բան չի ասում մարդը։ Ես էլ խորհուրդ եմ տալիս իրար նվիրել հենց Ավետիքի «Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը։ Ես, օրինակ, շատ-շատերի պես բաժանորդագրվել եմ, իսկ վարչապե՞տը։ Ավելին, վարչապետը եթե բաժանորդագրվի մի 5–ից 10 հազար օրինակ, օգնի տպագրելու գիրքը, իր կողմից բաժանի բոլոր դպրոցների բարձր դասարաններին, երեխաները խորը գիտելիքներ ձեռք կբերեն աստղագիտությունից, տիեզերագնացություն–օդագնացությունից, ֆիզիկայից, էլի շատ առարկաներից, կարևորը՝ մատչելի լեզվով մատուցված, ու ամենակարևորը՝ գոնե մի ազգանվեր ու հիշվող գործ արած կլինի նա՝ վարչապետ լինելու իր ոչ այնքան փառահեղ պատմության մեջ։ Իր համար եմ ասում…

Մի պատմություն հիշեցի։ Ասում են՝ երբ Փարաջանովը հերթական անգամ բերդում նստած էր, Մոսկվա՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևինա այցելում Ֆրանսիայի պրեզիդենտը։ Կառավարական կարևոր թեմաներ քննարկելուց հետո նա հարցրելա՝ ինչպե՞ս է Սերգեյ Փարաջանովը, Բրեժնևը մի բան սվաղում, անցնումա առաջ, ֆրանսիացուն ճանապարհելուց անմիջապես հետո կանչում ենթականերին ու հարցնումա, թե ովա էդ Փարաջանովը, նրա մասին հետաքրքրվել են նաև Ֆելինին, Ներուդան, էլի շատ հայտնի մարդիկ… ազատեք դրան բանտից, խայտառակվում ենք։

Բա՜, պարոն վարչապետ, որպեսզի խայտառակ վիճակների մեջ չհայտնվենք, պիտի ճանաչենք արժանավոր գործեր արած մեր հայրենակիցներին, որ հետո արտասահմանից հարցնեն` անտեղյակ չլինենք։ Մենք իրավունք չունենք անտեսելու Ավետիքի գիրքը։ Անձամբ ինձ գիրքը հարազատա նրանով, որ խոսումա Տիեզերքի անհունից, իսկ ես Թումանյանի քառյակներից սիրում եմ էս տողերը՝ «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին…»։ Ես կյանքին փիլիսոփայաբար եմ մոտենում ու վերլուծաբար մտածում, որ «…Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն, Մեկն ապրում է, մյուսն ըսպասում…»

Ես ու վարչապետը մեր ձևի ապրում ենք, բայց Ավետիք Գրիգորյանն ու իրեն պաշտելու աստիճան սիրող իր աշակերտները սպասում են… թե երբ կգա գալիքի էն պայծառ օրը, երբ վերջապես գիրքը կտպագրվի։ Էդ երեխեքն էլ հույսով Աշոտյանին նամակ գրեցին, որ օգնի տպելուն ու դպրոցի ծրագրերում որպես օժանդակ ձեռնարկ մտցնելուն: Պատասխանեցին, որ հիմա դրա ժամանակը չէ՝ 14 թվին կմտածեն: Գոնե վարչապետը, որպես վերադաս, մի հատ վրաները խոսեր…

Դե լավ, ժողովուրդ, ես հիմա գործով դուրս եմ գալիս, դուք մտածեք թե ինչ եք անում։

 Արամ Պապայան

Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել