Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը աքիլեսյան գարշապարի ցավեր ունի: Ֆուտբոլիստը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս բժիշկները փորձում են լուծել խնդիրը:
- Հայաստան-Իտալիա հանդիպումից հետո առաջին անգամ է հնարավորություն ընձեռնվել զրուցել քեզ հետ ու հետաքրքիր է նախ իմանալ կարծիքդ այդ մրցավեճի մասին:
- Ցավոք չկարողացանք հաղթել, թեև լավ էինք խաղում: Ի վերջո խաղում էինք Իտալիայի դեմ, որն իր կազմում ունի ոչ թե 1-2 ուժեղ ֆուտբոլիստ, այլ իր ողջ կազմով է շատ ուժեղ: Ես այդ խաղում ցավազրկումներով հանդես եկա, քանի որ աքիլեսյան գարշապարի ցավեր ունեի: Դա ինձ խանագարեց, քանի որ խաղի ընթացքում էլ ցավեր զգացի:
- Եթե խաղի արժենքն այսքան մեծ չլիներ հավանաբար ասպարեզ դուրս չէի՞ր գա:
- Այո, ես բաց կթողնեի հանդիպումը, եթե խաղը մեր հավաքականի համար չունենար այդպիսի մեծ արժեք: Ես ստիպված էի թեկուզ ցավերով դուրս գալ խաղադաշտ, քանի որ մեր ողջ ազգի ուշադրության կենտրոնում էր այս հանդիպումը ու պետք էր պայքարել հաղթանակի համար:
- Խաղից հետո Հայաստանի հավաքականի հասցեին հնչեցին, թե գովեստի խոսքեր, թե քննադատություններ…
- Կնշեմ միայն, որ այն մարդիկ, ովքեր խաղից հետո սուր քննադատության ենթարկեցին հավաքականին, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք պարզապես ֆուտբոլից բան չեն հասկանում:
- Նշեցիր, որ աքիլեսյան գարշապարի խնդիր կա: Ի՞նչ իրավիճակ է այս պահին:
- Ներկայումս բժիշկներն աշխատում են այդ ուղղությամբ, կիրառում են բարդ պրոցեդուրաներ, որ կարողանամ առանց ցավերի դուրս գալ խաղադաշտ: «Կրասնոդարում» էլ ես հիմնականում հանդես եմ գալիս ցավազրկումներով: Այս խնդիրը լուծելու համար ժամանակ է պետք, որը ես չունեմ… Այս ցավերի պատճառով շատ մարզումներ բաց եմ թողնում:
- Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրին կկարողանա՞ս մասնակցել:
- Վաղը պետք է մարզվեմ ընդահանուր խմբի հետ, որից հետո արդեն պարզ կդառնա:
- Առաջիկա մրցակիցը «Վոլգան» է: Ինչ սպասումներ ունես Նիժնի Նովգորոդում կայանալիք խաղից:
- Այսօր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում բոլոր թիմերն էլ ի վիճակի են հաղթանակ տոնել: «Վոլգան» էլ լինելով ետնապահ, վերջին տուրում կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթել ու դա նրանց մոտ կավելացնի վստահությունը: Չի կարելի անտեսել նաև այն, որ Նիժնի Նովգորոդում բավական ցուրտ է լինելու: Դա էլ կբարդացնի խաղի ընթացքը:
- Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Կրասնոդարը» երկու անգամ լավ պայմաններով նոր պայմանագիր է քեզ առաջարկել: Այս կապացությամբ ի՞նչ զարգացումներ կան:
- Առաջարկ եղել է, բայց դեռ համաձայնության չենք եկել: Այս կապակցությամբ գործակալներս ներկայումս բանակցում են: Գործող պայմանագրի ավարտին դեռ 1.5 տարի կա: Ես չեմ անհանգստանում, քանի որ ակումբի հետ լավ հարաբերություններ ունեմ։