Անձամբ ես խորապես թքած ունեմ, թե արդյո՞ք Օբաման ապրիլի 24-ին կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, թե՞ կսահմանափակվի «Մեծ Եղեռն» արտահայտությամբ: Եվ առհասարակ չեմ կարծում, թե դա որևէ նշանակություն ունի, քանի որ ժամանակին Ռոլանդ Ռեյգանն իրերը կոչել է իրենց անուններով, բայց դրանից մեր մածունը քաղցր չի դարձել: Այլ հարց է, որ նույն Օբաման հայտնվել է բավական հիմար վիճակում: Մի կողմից, նա ստիպված է լինելու խուսանավել, քանի որ թուրքերն արդեն գազազած են, և դժվար է ենթադրել, թե ինչ արձագանք կտան Օբամայի «ազնվությանը» մեղսունակության վերջին փշրանքները կորցնող թուրքական իշխանությունները: Մյուս կողմից, Հռոմի Պապի մատուցած պատարագի, դրա արձագանքների և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի ֆոնին Օբամայի համար աստիճանաբար ուրվագծվում է գերտերության՝ անբարո և թույլ առաջնորդի վերածվելու վտանգը: ԱՄՆ գործող նախագահը, փաստորեն, «ցեղասպանություն» եզրույթից հերթական անգամ խուսափելու դեպքում ի ցույց կդնի թուրքական շանտաժին դիմակայելու իր և իր թիմի անկարողությունը: Իսկ սա, անկասկած, այնպիսի մեղք է, որը չի ներվի թե՛ Օբամային, թե՛ քաղաքական այն ուժին, որի ներկայացուցիչն է նա: Իսկ ԱՄՆ նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել