Այսպիսով, Եվրախորհրդարանում երեկ ընդունվեց բանաձև, որով ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ԵՄ-ում։ Հատկանշական է, որ ընդունված բանաձևում կա կետ, որը պահանջում է Թուրքիայից, որպեսզի Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, որը միակողմանիորեն փակել էր դեռ 1993 թվականին։
Որքան էլ սա հաճելի լինի մեր լսարանի համար, պետք է հասկանալ, որ մեծ հաշվով սա բացի սիմվոլիզմից ոչ մի նշանակություն չունի ո՛չ մեզ համար, ոչ էլ անգամ Ցեղասպանության ճանաչման հարցի կոնտեքստում։ Այս պրոցեսն ուղղակի շարունակությունն է այն զարգացումների, որոնք հիմա ընթանում են Եվրոպայում, ու որքան էլ տարօրինակ հնչի, սա պետք է դիտարկել մուլտիկուլտուրալիզմի անկման ու մահմեդական աշխարհից ավելի մեկուսացման կոնտեքստում։
Եվրոպան հետևողականորեն կտրում է իր կապերը մահմեդական մերձավորարևելյան երկրների հետ, քանի որ դրանց հետ մտերմիկ հարաբերությունները սկսել են քաղաքակրթական վտանգ ներկայացնել Եվրոպայի համար, և դրա ամենացայտուն արտահայտումներից մեկն այդ թվում նաև Թուրքիայից միլիոնավոր միգրանտների առկայությունն է ԵՄ-ում։ Ու հիմա, այդ թվում նաև այսպիսի բանաձևերի ու տարատեսակ Շարլի Հեբդոների միջոցով, Եվրոպան միանգամից մի քանի նապաստակ է խփում. նախ՝ դիտավորյալ փչացնում է հարաբերություններն այդ երկրների հետ ու վանում նրանց իրենից, հետո էլ ստեղծում է իր լսարանի համար միանգամայն անհանդուրժելի կերպար թուրքերի և առհասարակ մահմեդականների հանդեպ։
Ինչ վերաբերում է մեզ, ապա ինչո՞ւ ոչ, դա մեր շահերին ոչ մի կերպ չի հակասում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի հետ հաշտեցման եզրը, ի դեմս ԵՄ-ի, իրեն վաղուց սպառել է, ու ոնց թուրքերը մեզ թշնամի էին, այնպես էլ շարունակում են մնալ, իսկ ինչպես հայտնի է, որքան վատ ու դժվար լինի մեր թշնամու համար, այնքան լավ մեզ, և եթե դրա համար օգտագործում են նաև ՑԵղասպանության հիմնախնդիրը՝ դնելով այն շեշտադրումները, որոնք մենք ենք ուզում, ուրեմն ավելի լավ, դա միայն ավելի է լեգիտիմացնում մեր դիրքորոշումը։