Մի քանի տարի առաջ խայտառակ ու ահավոր ցավալի մի բացահայտում արեցի Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային հանրության, ավելի կոնկրետ՝ Ազգերի լիգայի մասին: 1920 թ. վերջին Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անարդյունավետությունը Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն ծաղրում է՝ կազմելով հետևյալ զավեշտ-բանաձևը.
«ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու:
ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաև կանանց և երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ:
ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որևէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձևականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր»:
Ինչ եմ ուզում ասել, մեծ հաշվով՝ մեր անվտանգության երաշխիքն էսօր ոչ թե Պապն ու Եվրախորհրդարանն են, որոնց մեռանք շնորհակալություն հայտնելով, այլ մեր զինված ուժերը... էնպես որ՝ բարի ու խաղաղ ծառայություն մեր տղերքին...