Քիչ առաջ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«[Հայոց ցեղասպանության] հարյուրերորդ տարելիցի շեմին [Եվրոպական խորհրդարանը] հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը», - ասված է բանաձևում:
Եվ այսպես, արձանագրենք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին
-Վատիկանում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին,
-Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև,
-Ապրիլի 24-ին Երևանում են գտնվելու մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները,
-համաշխարհային մի շարք դեմքեր դատապարտում են Ցեղասպանությունը՝ նպաստելով դրա ճանաչման իրավաքաղաքական համատեքստին:
Այս ամենը հստակ երկընտրանքի առջև է կանգնեցրել Թուրքիային:
Ժխտողական քաղաքականության ընթացքի դեպքում շարունակվելու է քաղաքակիրթ աշխարհից Թուրքիայի դուրսմղման քաղաքականությունը, մանավանդ, որ համաշխարհային քաղաքականության օրակարգային այլ հարցերում ևս Անկարայի դիրքորոշումները հակոտնյա են զարգացման համաշխարհային համատեքստին:
Մյուս ճանապարհն այն է, որ Թուրքիան առերեսվի սեփական պատմության հետ, ձեռնամուխ լինի հայ-թուրքական իրական երկխոսությանը՝ ճանապարհ բացելով տարածաշրջանային կայուն համագործակցության ու անվտանգության երաշխավորված համակարգի ձևավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել