Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի շաբաթ առաջ ասել էր, որ շուտով «ազատագրելու» են «իրենց» պատմական հողերը՝ Երևանը, Շուշին, Ստեփանակերտը: Երեկ էլ հայտարարեց, թե հայկական բանակում վարձկաններ կան Լիբանանից ու Սիրիայից: Հավանաբար, բանակում ծառայությունից փախած, «գժի թղթով» ու հանցագործության համար ժամանակին հետախուզման մեջ հայտնված Հասանովը ոչ միայն հասկացավ, որ իր ասածները հիմարություն են, այլև հասկացավ, որ իր ասածները նաև իրենց հասարակությունն է որպես հիմարություն ընդունում:
Ահա թե ինչու, պետք է սեփական խոստումից փախուստի համար հարմար միֆեր հյուսել՝ իբր իրենք գործ ունեն սիրիացիների ու լիբանանցիների հետ և ոչ հայերի: Բայց Հասանովին կարելի է հիշեցնել, որ վարձկաններին ապավինելն ադրբեջանական գործելաոճ է, օրինակ՝ չեչեն ու աֆղան վարձկանների մեծաքանակ ներկայությունն ադրբեջանա-արցախյան պատերազմի ժամանակ: Ի դեպ, զինվորական գործից չհասկացող և նույնիսկ զինվորական ճիշտ ողջույնի ձևին չտիրապետող (Ադրբեջանում աղմուկի պատճառ էր դարձել գեներալ-գնդապետ նախարարի շեհիդների ծառուղի կատարած այցի ժամանակ ոչ ճիշտ զինվորական ողջույն տալը) Հասանովի համար շատ ուսանելի կլինեն չեչեն լեգենդար հրամանատար Շամիլ Բասաևի խոսքերը. «Ղարաբաղում կռվելը նպատակահարմար չէ. ադրբեջանցիները կռվել չգիտեն, իսկ հայերին էլ չես հաղթի»: