Interpres.am-ը գրում է.
Հայոց Ցեղասպանությունն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայոց Ցեղասպանության որակումն որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և դրան հաջորդած քաղաքական զարգացումները շարունակում են լայնորեն լուսաբանվել համաշխարհային մամուլում:
Economist, անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությանը, նշում է, որ Հռոմի պապը ի պաշտոնե ունի որոշակի ազատություն նման հայտարարության համար, քանի որ կապված չէ որևէ կարիերային հանգամանքներից և դիտարկվում է որպես «Աստծո գլխավոր ներկայացուցիչ երկրի վրա»: Ըստ Economist-ի՝ Թուրքիան անում է ամեն ինչ, Վատիկանին ստիպելու բարձր դիվանագիտական գին վճարել այդ հայտարարության դիմաց: Հոդվածը հիշեցնում է, որ սա առաջին անգամ չէ, որ Ֆրանցիսկոս պապը ցեղասպանություն որակում է տալիս Հայոց Մեծ Եղեռնին: Նախկինում Թուրքիան, ըստ հոդվածի, սահմանափակվել էր ափսոսանք հայտնելով սույն առիթով:
Ըստ Economist-ի, սակայն, մեծ տարբերություն կա փոքր միջոցառման ընթացքում հայտարարություն անելու և նման խոշոր միջոցառման և տարելիցի նախօրեին ցեղասպանությունը ճանաչելու մեջ: Հոդվածը Հայոց ցեղասպանության վերջին ճանաչումը Պապի կողմից կապում է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների և այդ առումով Թուրքիայի պասիվության հետ: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ վաղուց ի վեր Վատիկանում ընթանում էր պայքար մահմեդական աշխարհի նկատմամբ ավելի կոշտ ու ավելի մեղմ դիրքորոշումներ ունեցող խմբերի միջև:
Economist-ը եզրակացնում է, որ Հայոց Ցեղասպանության այս ճանաչումը ցույց է տալիս, որ ավելի կոշտ դիրքորոշման կողմնակիցները, ովքեր զիջում էին նախկին պապ Բենեդիկտ XVI օրոք, այժմ ավելի զորեղ են:
CNN տեսանյութ է պատրաստել Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայոց Ցեղասպանության մասին հայտարարության և Թուրքիայի հակազդման մասին՝ ընդգծելով, որ սա չափազանց նուրբ խնդիր է, և որ Հռոմի պապը վերահաստատել է Պողոս II պապու հայտարարությունը:
Boston Globe անդրադարձել է Հռոմի պապի հայտարարությանն ու Բոստոնի շրջանի ամերիկահայ համայնքի արձագանքին, ովքեր ողջունել են պապի ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը: Բոստոնահայությունն ընդգծում է Հռոմի պապի ճանաչման կարևորությունը և հույս հայտնում, որ այն կօգնի շարունակական ու վերջնական Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
The Guardian գրում է, որ պատմաբանների հաշվարկով Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել: Ըստ պարբերականի՝ ավելի քան 20 երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, սակայն ԱՄՆ և Մեծ Բրիտանիան խուսափում են անել դա, քանի որ չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել ՆԱՏՕ-ի իրենց գործընկեր Թուրքիայի հետ, որը ժխտում է ցեղասպանության փաստը: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը հույս ունի, որ ավելի մեծ միջազգային ճանաչումը ճնշում կգործադրի Թուրքիայի վրա այս հարցում, որի հետ Հայաստանի հարաբերությունները լարված են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:
Chicago Tribune ընդգծում է այն հմուտ ձևը, թե ինչպես Հռոմի Պապը արեց ցեղասպանության ճանաչման մասին իր հայտարարությունը՝ այն կապելով Պողոս II պապի հայտարարության հետ: Պարբերականը ներկայացնում է հայերի արձագանքն այս առիթով՝ մեջբերելով նաև Associated Press գործակալությանը տված իր հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որտեղ նախագահ Սարգսյանը, երախտագիտություն հայտնելով Հռոմի պապին, նշում է, որ մեկ միլիարդ հետևորդներ ունեցող եկեղեցու առաջնորդի հայտարարությունը չի կարող ազդեցություն չունենալ:
Christian Science Monitor, հենվելով Reuters գործակալության տրամադրած նյութին, նշում է, որ Հռոմի պապի հայտարարությունը ցեղասպանության մասին մեծ դիվանագիտական աղմուկ է բարձրացրել:
Պարբերականը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, ուր նախագահը իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանցիսկոս պապին «այս աննախադեպ պատարագի գաղափարի համար», որը խորհրդանշում է «քրիստոնյա աշխարհի համերաշխությունը» հայ ժողովրդի հետ: Թերթը անդարադառնում է նաև թուրքական կողմի արձագանքին, որը դատապարտել է հայտարարությունը և Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրել Վատիկանի դեսպանին՝ բացատրություններ տալու համար: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը հրապարակել է նաև Newsweek-ը:
The Denver Post, հենվելով Associated Press գործակալության տրամադրած տեղեկության վրա, մեջբերում է Հռոմի Պապի խոսքն առ այն, որ չարիքի մերժումը կամ կոծկումը նշանակում է արնահոսող վերքի պահպանում առանց վիրակապի, և որ իր պարտքն է հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից:
Աշխարհի հայությանն ուղղված իր ուղերձում Հռոմի պապը կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին ճանաչել ճշմարտությունը և ընդդիմանալ նման հանցագործություններին «առանց տեղի տալու երկիմաստությանը կամ փոխզիջումներին»։
Ըստ հոդվածի՝ Հռոմի պապի այս հայտարարությունը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընդունվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդների կողմից, իսկ թուրքական կողմը խստորեն դատապարտել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: Associated Press գործակալության գրեթե նույն բովանդակությամբ նյութը փոխանցել է նաև NBC News , Daily Reporter-ը: The Denver Post-ի մեկ այլ հրապարակում մեջբերում է Ստամբուլի փողոցներում հնչած կարծիքները Հռոմի պապի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ոմանք աջակցում են Ֆրանցիսկոս պապին, իսկ ոմանք դատապարտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ