Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի այցն ու նրա շուրջ ստեղծված օվացիաները, բուռն պաշտամունքը՝ ընդհուպ մինչև Կարապի լճում «ինքնամաքրման» ակցիան, ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովրդի մի պատկառելի հատվածին (չասենք մեծամասնությանը) առավելապես հետաքրքրում է շոու բիզնեսը, քան քաղաքականությունը: Ասվածի ապացույցներին պարբերաբար կարելի է առնչվել համացանցում. ամենաթարմ օրինակը ներկայացնենք: Հռոմի պապի չափազանց գովելի ելույթը՝ Հայոց և այլոց ցեղասպանությունը, գերմանական նացիզմն ու ստալինյան բռնաճնշումները դատապարտող, ընդամենը մի քանի հարյուր դիտում էր ունեցել ֆեյսբուքյան որևէ առանձին վերցրած էջում, իսկ Քարդաշյանի այցի մասին պատմող նյութերն ու տեսանյութերն անգամ մի քանի հազար «լայքեր» էին հավաքել... (Նույն կերպ քաղաքական թեմայով որևէ հրապարակում կարող է ամիսներով մի քանի հարյուր դիտում ունենալ որևէ կայքում, իսկ որևէ սերիալի մասին ներկայացվող դրական կամ բացասական հրապարակում կարող է 1 օրում մինչև 10 հազար դիտում ունենալ նույն կայքում): Եվ այս պայմաններում ոմանք մամուլում գրում են, թե Քարդաշյանը Հայաստանից «նեղացած» գնաց, քանի որ հայ տղամարդիկ... նրան չգնահատեցին ու «պարսավեցին»: Հետաքրքիր է, ի՞նչ էին անելու, որ չարեցին, կարող է՞ մի հատ էլ նրա կոշիկով շամպայն խմեին. այնպես, ինչպես 100 տարի առաջ հայ ու ազերի «ոսկե երիտասարդությունն» էր Բաքվում խրախճանք կազմակերպում ու Ռուսաստանից հյուրախաղերի եկած օպերայի երգչուհիներին մեծարում՝ շամպայնի մեջ լողացնելով ու նրանց կոշիկից շամպայն խմելով (ինչպես նկարագրվում է Շիրվանզադեի «Քաոս» վեպում): Թե՞ պետք է տանեին դպրոցներում աշակերտների հետ հանդիպման... Առանց այդ էլ նոր սերունդը շա՜տ լավ գիտակցում է, որ կյանքում առաջ գնալու համար միայն «սովորել, սովորել, սովորել», լենինյան պատգամը պետք չի իմանալ... Ասվածի մի ապացույցն օրերս տեղ էր գտել նորահայտ «Խոպանի տեսություն» երգիծական հեռուստասերիալում, որտեղ երիտասարդ աղջիկը, շուտ-շուտ զգեստափոխվելով ու ինքն իրեն բջջայինով «սելֆի» անելով տարբեր դիրքերից, բերանը ծռմռելով ու կոտրատվելով, ասում է. «Սենց որ չանեմ, տղաները հետևիցս չեն ընկնի...»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել