Սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում: Հայ Եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի Աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները: Լուսավորչի Աջը կաթողիկոսարանի գլխավոր սրբություններից է և համարվում է Հայոց Ուխտի տապանակ: Լուսավորչի Աջը, ս. Խաչափայտի (ս. Նշան) ու Աստվածամուխ ս. Գեղարդի հետ, Հայ Եկեղեցու գլխավոր սրբությունն է և գործածվում է ս. Մյուռոնի օրհնության ժամանակ:

Հայ մատենագիրների բազմաթիվ հիշատակությունների համաձայն` Աջը բազմիցս է գերեվարվել կաթողիկոսների հետ տարբեր կայսրերի և սուլթանների կողմից, սակայն Աստծու կամքով տարբեր ճանապարհներով` բացահայտ կամ ծածուկ, հրաշքով կամ ուժով վերադարձվել է Մայր Աթոռ, որտեղից իր ճաճանչող օրհնությունը սփռել է Քրիստոսով լուսավորված համայն հայությանը: Պատմության ընթացքում, երբ կաթողիկոսներն անհրաժեշտաբար թողել են Մայր Աթոռը, իրենց հետ վերցրել են նաև Լուսավորչի Աջը՝ հայրապետական աթոռի և պաշտոնի վավերականությունը հաստատելու համար: V–XV դդ., քաղաքական պարագաների բերումով, կաթողիկոսական աթոռը Լուսավորչի Աջով հանդերձ բազմիցս տեղափոխվել է Դվին (484–931), Աղթամար (931–944), Արգինա (944–992), Անի (992–1065), Ծամնդավ (1066–1105), Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105–16), Ծովք (1116–49), Հռոմկլա (1149–1292), Սիս (1293–1441) և կրկին` Էջմիածին (1441-ից), որտեղ և գտնվում է առ այսօր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել