Interpress.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի անդամների այցը շարունակվում է լայնորեն լուսաբանվել միջազգային մամուլի էջերում

Daily Mail անդրադարձել է Քիմ ու Քլոե Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցելությանը Հայոց Մեծ Եղեռնի հուշարձան համալիր:

Լրատվամիջոցի հաղորդմամբ իրենք ծաղիկներ են դրել հուշարձանի անմար կրակի մոտ և մոտ տաս րոպե անցկացրել հուշահամալիրի ներսում: Ըստ DM-ի` Քարդաշյանները այդ ամբողջ ընթացքում զուսպ ու ինքնամփոփ էին, իսկ, ինչպես տեղեկացնում է DM-ը, Քլոե Քարդաշյանը նույնիսկ հուզվել է անմար կրակի մոտ:

Պարբերականը անդրադառնում է նաև Քարդաշյանների այցին Գյումրի, Հայոց Ցեղասպանության հետ առնչվող մի շարք պատմական փաստերին, Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությանն ու Ցեղասպանության ճանաչման հետ կապված զարգացումներին:

Հրապարակումը ուղեկցվում է բազմաթիվ նկարներով և տեսանյութով այցերից:

Մեկ այլ հրապարակման մեջ DM-ը անդրադարնում է Քիմ Քարդաշյանի այցելությանը Երևանի տարբեր վայրեր և իր շփումներին հասարակ մարդկանց հետ:

Քարդաշյանների այցելությունների հետ մեկտեղ DM առանձինհրապարակմամբ անդրադարձել է նաև Քանյե Ուեսթի չծրագրավորված համերգին Երևանի Կարապի լճի մոտ: Այս նախաձեռնությունը հաճելիորեն ուրախացրել է իր երևանյան ֆանատներին: Ըստ պարբերականի` 21 Գրեմմիների մրցանակակիրը, վեց իր հայտնի երգերը կատարելուց հետո, ցատկել է Կարապի լճի ջրի մեջ, ում հետևել են տասնյակ երկրպագուներ, որից հետո ոստիկանությունը, ըստ հրապարակման, դադարեցրել է համերգը:

Reuters գործակալության փոխանցմամբ Քարդաշյանները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել և մոտ տասը րոպե կանգնել անմար կրակի մոտ՝ հարգելով նահատակվածների հիշատակը: Գործակալությունը նաև նշում է, որ Քարդաշյաններին նախօրեին ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սոցիալական ցանցի իր էջում Քիմը գրել է, որ իր համար պատիվ էր հանդիպելու ՀՀ վարչապետին, ով հպարտ է, որ Քարդաշյանները չեն հրաժարվել իրենց արմատներից: Գործակալությունը նաև տրամադրել է առանձին ֆոտոշարք Քարդաշյանների Եղեռնի հուշարձան այցից:

USA Today անդրադարձել է Քարդաշյանների այցին Հայաստան: Այն տեղեկացնում է Քարդաշյանների Եղեռնի հուշարձան կատարած այցի մասին, ինչպես նաև նշում, որ այս ընթացքում իրենք ստացել են որպես նվեր հողակտոր Վահագնի թաղամասում: Թերթը ներկայացնում է հողակտորի սեփականության իրավունքի փաստաթուղթը, որը տեղադրված էր Քլոե Քարդաշյանի ֆեյսբուքյան էջում:

Ամերիկյան մեկ այլ խոշոր պարբերական Chicago Tribune, հենվելով Associated Press գործակալության տրամադրած նյութին, գրում է, որ Քարդաշյանի այցելությունը Հայաստան մեծ քանակությամբ երկրպագուներ ու լրագրողներ է հավաքել: Թերթը ներկայացրել է Քիմ Քարդաշյանի այցը Եղեռնի հուշահամալիր, ուր իրեն ուղեկցում էին քույր Քլոեն և ամուսին Քայնե Ուեսթը: AP տրամադրած նույն նյութը հրապարակել են Fox NewsThe Philippine Star:

The Guardian հաղորդում է, որ Քիմ Քարդաշյանը ջերմ ընդունելության է արժանացել Հայաստանում հայ երկրպագուների և ընդհանուր հասարակության կողմից:

Երկրպագուների բանակը, ըստ հրապարակման, հավաքված է հյուրանոցի մոտ, ուր մնում են Քարդաշյանները, իսկ վերջերս փակել էր այն փողոցը, որի վրայի ռեստորան էին այցելել Քիմը և իր ընտանիքը: Ըստ պարբերականի՝ հայ հանրությունն ու իշխանությունները դրական են արձագանքում Քիմի այցին՝ կապված նաև Հայոց Ցեղասպանության մոտեցող տարելիցի հետ: Պարբերականը մեջբերում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքերը այս առիթով, որտեղ վերջինս ընդգծում է այցի դրական նշանակությունը Հայաստանի համար:

Հոդվածում բերվում են նաև պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքերը, ուր վերջինս նշում է, որ Թուրքիան մղձավանջի մեջ է այս կապակցությամբ, և որոշ մարդիկ այնտեղ ասում են, որ Քիմ Քարդաշյանը հայերի վերջին զենքն է: Նա ընդգծում է, որ Հայաստանից Քիմի հեռանալուց հետո հայ հանրությունը կկարոտի իրեն:

The Independent-ը անդրադարձել է Քարդաշյանների այցին Ցեղասպանության հուշահամալիր: Պարբերականը հիշեցնում է, որ Քիմը նախկինում միշտ էլ հնչեցրել է Հայոց Ցեղասպանության մասին: Պարբերականը նաև նշում է, որ Քլոե Քարդաշյանը հուզվել էր անմեղ զոհերի հիշատակը հարգելիս:

The Jerusalem Post-ը, անդրադառնալով Քարդաշյանների այցին Ծիծեռնակաբերդ և հանդիպմանը ՀՀ վարչապետի հետ, տեղեկացնում է, որ հաջորդ շաբաթ Քարդաշյանները մի քանի օրով նախատեսում են այցելել Իսրայել, մասնավորապես Երուսաղեմի մի շարք դիտարժան վայրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել