
Ջրից կառուցված պատերով տունը ներկայումս ֆանտաստիկայի ժանրից է թվում, սակայն մի գիտնական հավատացած է, որ դա ոչ միայն հնարավոր կլինի ապագայում, այլև կօգնի էլեկտրաէներգիա խնայել։ Հունգարացի ճարտարապետ Մաթիաս Գութայը «Allwater»-ի հիմնադիրն է։ Նա նախագծել է մի այնպիսի տուն, որի պատերը լցվում են ջրով՝ այսպիսով ամռանը զով պահելով տան կլիման, իսկ ձմռանը՝ տաք։ Նա իր այս գաղափարը կոչել է «հեղուկային ճարտարապետություն»։ Տան պատերում պետք է տեղադրվեն ջրով լի ապակե ու պողպատե վահանակներ։

Գուտայը պնդում է, որ այս համակարգը թույլ կտա մինչև 20 տոկոսով խնայել ծախսվող էլեկտրաէներգիան։ Իսկ եթե այս համակարգն օգտագործվի ինքնավերականգնվող էներգիայի հետ համատեղ, էլեկտրաէներգիայի ծախսերն առհասարակ կվերանան։ Պրն. Գուտայը, ով հղացել է այս նորարարական գաղափարը, Տոկիոյի համալսարանում աշխատելիս նշել է, որ իր գաղափարը հնարավոր կլինի իրագործել, եթե շենքում տեղադրվեն պողպատե ու ապակե վահանակներ։

Ի տարբերություն ավանդական աղյուսե քարերի՝ դրանք համեմատաբար թեթև են ու կարող են այնպես տեղադրվել, որպեսզի իրար միացած լինեն։ Պարոն Գուտայն այս տեխնոլոգիան արդեն իսկ փորձարկել է թե՛ բնակելի, թե՛ գրասենյակային տարածքներում։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է.

«Այս տեխնոլոգիայի շնորհիվ ստացվում է մի կառույց, որը կլանում ու կրկին ու կրկին է օգտագործում էներգիան։ Քանի որ ջրերը միացած են իրար, մի սենյակի ջերմությունը բաշխվում է տնով մեկ։ Շոգ եղանակին ավելորդ ջերմությունը կարող է պահվել այսպես կոչված «շոգի թակարդներում»՝ տան ներքևի ջրի բաքերում։ Երբ ցրտում է, բաքերում պահված ջերմությունը ջրից անցնում է շենքին, որպեսզի օգնի ջեռուցել տունը»։



