Համաշխարհային բանկը հաղորդում էր տարածել, որ Հայաստանի տնտեսությունը 21%-ով կախված է տրանսֆերտներից: Ըստ այդ աղբյուրի՝ հետխորհրդային երկրներից արտաքին տրանսֆերտներից Վրաստանի տնտեսությունը կախված է 12%-ով, Ղրղզստանը՝ 31,5%-ով, Մոլդովան՝ 25%-ով, Տաջիկստանը՝ 42%-ով, Ուկրաինան՝ 5,5%-ով, Լիտվան՝ 4,5%-ով, Ուզբեկստանը՝ 12%-ով: Հարևան Ադրբեջանի տնտեսությունը տրանսֆերտներից կախված է 2,5%-ով, որն արժեքային արտահայտությամբ համարյա համարժեք էր Հայաստան փոխանցվող տրանսֆերտների արժեքին (մոտ 2-2,1 մլրդ. դոլար, 2014 թ.):
Նախորդ տարի Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկիր փոխանցումների մոտ 73,2%-ը: 2014թ.-ին նախորդ տարվա համեմատ Ռուսաստանից բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կրճատվեցին 173 մլն. դոլարով՝ կազմելով՝ 1,55 մլրդ դոլար: Իսկ ընթացիկ տարում Ռուսաստանից տրանսֆերտներն ավելի բարձր տեմպերով են կրճատվում, որը կազմում է մոտ 45%: Բնականաբար, Ռուսաստանի տրանսֆերտներից մեծ կախվածություն էր առաջանալու, և դրանց զգալի կրճատման պատճառով Հովիկ Աբրահամյանի Կառավարության առջև (ինչու չէ, նաև ցանկացած այլ Կառավարության) լուրջ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ էին ծառանալու:
Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Կառավարությունը, որպեսզի փոխհատուցի տրանսֆերտների կրճատման արդյունքում առաջացող ծանր հետևանքները՝ թե՛ սոցիալ-տնտեսական առումով, թե՛ արտարժույթի պահուստների լրացման, թե՛ վճարումների հաշվեկշռի կարգավորման առումով: Իհարկե միամտություն կլինի նորից հույսը դնել Ռուսաստանում իրավիճակի բարելավման և այնտեղից տրանսֆերտների նախկին մակարդակներին հասնելու վրա: Դեպի Ռուսաստան արտահանման նույնիսկ նախկին ծավալներին հասնելը խիստ կասկածելի է: Եթե կարճաժամկետ կտրվածքով ինչ-որ կերպ հասկանալի է արտաքին փոխառությունների և վարկերի ձեռք բերումը (բացասական հետևանքներով հանդերձ), ապա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ են հիմնավորված լուծումներ, որը պետք է առաջարկի Կառավարությունը:
Կա՞ն տրանսֆերտներին փոխարինող լուծումներ, և որո՞նք են դրանք, այս հարցերի պատասխանները շատ կարևոր են: Կարծում եմ, որ տրանսֆերտներին մասամբ կարող են փոխարինել ներգնա տուրիզմը և տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների արտահանման ծավալների աճը, որի ներուժը առկա է: Հարկավոր է կրկին վերանայել այս ոլորտների նկատմամբ հարկային քաղաքականությունը, ամբողջովին հաշվի առնել ոլորտում ընդգրկված գործարարների տեսակետները, կյանքի կոչել դրանք, և արդյունքները շատ սպասել չեն տա: