What are you thinking (we`re going nowhere)
What are you feeling (we`re going nowhere)
Pink Floyd- Keep talking
Էլի Փինք Ֆլոյդ եմ լսում: Էլի: Ինչպես միշտ: Ու գիշերվա զգացողություններն են արթնանում:
Գիշերն ահավոր գլխապտույտ ունեցա: Ու գիտես՝ հասցրի իսկապես վախենալ: Էնքան հաճելի զգացողություն էր: Միշտ արհեստական վախեր եմ ստեղծում, որ ինձ համոզեմ, որ կենդանի եմ ու դեռ շնչում եմ: Մի պարզ ճշմարտություն եմ հասկացել. մարդը ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ բանից վախենում է: Հենց դրա համար էլ արհեստական վախեր եմ ստեղծում, թե չէ էս դարի հետ կապս ամբողջությամբ կկորչի: Ինձ հողի վրա միայն արհեստածին վախերս են պահում: Վախերիս մեջ՝ ինչպես տաք վերմակի մեջ, կծկվում եմ ու նայում վերև:
Երեկ գիշերն էլ վախերիս ու վերմակի մեջ կծկվել էի, փորձում էի քնել ու ... սկսվեց: Գլխապտույտ: Իսկական ու սարսափելի: Հիշում եմ, որ լոգասենյակ եմ հասել ու գլուխս մտցրել սառը ջրի տակ: Իսկական վախերը արհեստականներից հետաքրքիր են: Ու գունավոր են: Պետք է փորձել շուտ-շուտ իսկապես վախենալ: Ափսոս՝ մոտս լավ չի ստացվում:
Կհարցնես՝ ի՞նչ եղավ հետո: Թեյ խմեցի: Քաղցր: Շատ քաղցր: Ու պատկերացնում էի, որ թեյի բաժակի վրայով... ինքնաթիռ է թռչում: Էնքան սիրուն ինքնաթիռ էր, խառնվել էր թեյիս գոլորշու հետ ու բաժակի տարածքով պտույտներ էր գործում: Ես գիտեմ, որ ինձ հավատում ես: Գիտես, որ ճիշտ եմ ասում: Էդ պահին մեծ ցանկություն կար քեզ ինքնաթիռի մասին պատմելու:
Եթե հնարավորություն լիներ՝ ես ու դու կկծկվեինք իմ վերմակի ու վախերի մեջ, ափերով կգրկեինք թեյի բաժակն, ու ես քեզ կպատմեի ինքնաթիռի մասին: Կխոսեինք մինչև առավոտ, ու գլխապտույտս կանցներ:
Գիտես՝ վախեցել էի:
Բայց հիմա չեմ վախենում: Հիմա էլի թեթև սրտխփոց ու գլխապույտ եմ զգում: Բայց էս գլխապտույտն արդեն Փինք Ֆլոյդից է: Հաճույք եմ ստանում էս գլխապտույտից: Ափսոս, որ թեյի գոլորշու մեջ թռչող ինքնաթիռ էլ չկա: Ափսոս, որ էլ իսկական վախ չեմ զգա:
Ինչքան շատ խոսելիք, պատմելիք կա: Բայց հիմա ուզում եմ, որ դու խոսես: Ինձ համար դժվար է գլխապտույտի միջից խոսել: Ուզում եմ՝ խոսես: Շարունակես խոսելը: Ասես՝ ինչ ես մտածում ու ինչ ես զգում: Ֆլոյդի երգի պես նկարագրես ու պատմես: Մի օր էս երգի մասին առանձին կզրուցենք:
Մի օր քեզ անպայման կպատմեմ թեյի ու ինքնաթիռի մասին:
Արի կծկվենք վերմակի տակ ու մի կողմ դնենք վախերը: Արի գրկեմ քեզ:
Շարունակիր պատմել: Ես լսում եմ: Ու լսում եմ նաև թեյի գոլորշիների միջով թռչող ինքնաթիռի ձայնը: Գիտեմ՝ հավատում ես ինձ :