
Գրեթե 60 տարի նման զրույցի հնարավորություն չունեցած ԱՄՆ-ի նախագահի եւ Կուբայի պետխորհրդի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը տեւեց մոտ մեկ ժամ: «Մենք կարող ենք ազնվորեն խոսել մեր տարաձայնությունների մասին»,- հանդիպումից հետո ասել է Բարաք Օբաման: Երկու քաղաքական գործիչները հանդիպել էին Պանամայում կայացած ամերիկյան հանրապետությունների կազմակերպության գագաթաժողովի ժամանակ, ինչին Կուբան մասնակցում է առաջին անգամ:
«Մենք ունենք բոլորովին տարբեր պատկերացումներ այն մասին, թե ինչպես կազմակերպել հասարակությանը: 50 տարվա ձախողված քաղաքականությունից հետո եկել է այլ բան փորձելու ժամանակը»,- նշել է Օբաման՝ շնորհակալություն հայտնելով Ռաուլ Կաստրոյին անկեղծության համար եւ ընդգծելով, որ այժմ ամենակարեւորը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու դեսպանատների բացումն է:
Իր հերթին Ռաուլ Կաստրոն հույս է հայտնել հարաբերությունների քայլ առ քայլ բարելավման մասին: «Մենք պատրաստ ենք խոսել ամեն ինչի մասին, այդ թվում մարդու իրավունքների թեման»,- ասել է Կուբայի պետխորհրդի նախագահը: Ավելի վաղ Պանամայի գագաթաժողովին ելույթ ունենալով՝ Ռաուլ Կաստրոն Օբամային անվանել է «պատվի մարդ»՝ ընդգծելով, որ հիմնական հարց է համարում տնտեսական պատժամիջոցների վերացումը:
Կուբա-ամերիկյան հարաբերությունները
ԱՄՆ-ն խզել էր դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ 1961 թվականին, Ֆուլխենսիո Բատիստայի ամերիկամետ ռեժիմը մերժելով Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ հեղափոխականների իշխանության գալուց երկու տարի անց: 1962 թվականին հայտարարվեցին տնտեսական պատժամիջոցները եւ Կուբայի առեւտրային էմբարգոն, որը մինչ այժմ մնում է ուժի մեջ: Ֆիդել Կաստրոն հանձնեց իշխանությունն իր կրտսեր եղբայր Ռաուլին 2008 թվականին:
Աղբյուր՝ dw.de
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան



