Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մինչև Պապ դառնալը եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման ամմենաակտիվ կողմնակիցներից մեկը՝ կաթոլիկ եկեղեցու վերնախավում։
Եվ այսօր, Ֆրանցիսկոս պապը՝ հավատարիմ լինելով իր խոսքին, մատուցեց այդ պատարագը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։ Սա իրոք պատմական դրվագ է, որը խորհրդանշում է ոչ միայն քրիստոնեական քույր եկեղեցիների միասնականությունը՝ զուտ կրոնի հարցում, այլև մարդասիրության ու պատմական արդարության հարցում։ Հայաստանին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի առաջնորդանիստ Սուրբ Աթոռի հետ միավորողը մարդասիրությունից սերող քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն է:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվող բացառիկ պատարագն ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումը դրա վառ վկայությունն են՝ հաշվի առնելով, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն սուրբ և աստվածաբան են արժանացել այդ մեծագույն պատվին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1566442136955058&set=a.1436339379965335.1073741827.100007678606149&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել