Այս օրերին սարսափելի դժվար է դարձել դիմակայել քիմքարդաշյանական լրատվության տարափին ու մեր գերհագեցած լրահոսում ամենաուշագրավ տեղեկատվությունները պարզապես ստվերվում են Քիմով, բայց ամենաուշադիր ընթերցողներն իհարկե ֆիքսեցին՝ ինչ կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ այսօր Իտալիայի հարավում տեղակայված Նեապոլ քաղաքում։
5 դար... Հենց այսքան ժամանակ Հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորչի գլխավոր մասունքը՝ նրա գանգը բացակայում էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։ Այսօր այն վերադարձվեց եկեղեցի ու դա իսկական տոն դարձավ Քրիստոնյա աշխարհի և մասնավորապես Նեապոլ քաղաքի համար։
Լուսավորչի մասունքները, բազմաթիվ անգամ տեղափոխվել են։ Ի սկզբանե դրանք ամփոփոված էին Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանե այրում, որտեղ նա անց էր կացրել իր վերջին տարիները, իսկ հետագայում, մի քանի տեղափոխություններից հետո՝ 8-րդ դարի վերջին, դրանք փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաք, որտեղ էլ ի պատիվ հայ առաջին եկեղեցապետի, կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ երկար դարեր պահպանվել են Գրիգոր Լուսավորչի գանգը՝ ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ: Ընդ որում, Լուսավորչի պաշտանմուքն այնքան ազդեցիկ է եղել, որ Նեապոլի առաջին պաշտպան սուրբբ Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը։
Սակայն Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ սրբերի ամենաշատ գողացված մասունքներից են ու եկեղեցականները ստիպված էին ամփոփել սուրեբ Գրիգոր Լուսավորչի գանգը եկեղեցու մասունքարանում, որպեսզի այն չգողանան։ Երկար տարիներ հավատացյալ քրիստոնյաներից թքնված մնալուց հետո, այսօր սուրբ Գրիգոր Լուսավորչի գանգը հնարավոր է դարձել վերադարձնել նրա անունը կրող Նեապոլի եկեղեցին՝ շնորհիվ Վաթիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ջանքերի ու գործուն մասնակցության։
Դժվար է գերագնահատել այս իրաարձության կարևորություն քրիստոնյաների ու հատկապես հայ քրիստոնյաների համար, ովքեր Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Չէ՞ որ մեր օրերում Հայաստանում Գրիգոր Լուսավորչից մնացած միակ սրբությունը Լուսավորչի Աջն է՝ նրա աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում, որը նաև հայրապետական իշխանության գլխավոր պաշտոնական նշանակն է, և նրա առկայությունը կաթողիկոսարանում պարտադիր է:
Շատ խորհրդանշական է, որ 5 դար տևած բացակայությունից հետո, այս սուրբ մասունքը կրկին հասնալեի է դառնում հավատացյալների համար՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին՝ ասես նոր սկիզբ խորհրդանշելով աստվածակիր մեր ժողովրդի համար։