Armtimes.com-ը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը վեր է ածվում մեծ իրադարձության: Համաշխարհային մամուլը ուշի ուշով հետեւում է տեղի ունեցողին եւ այցը լուսաբանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում:

Հիմա համաշխարհային մամուլում Ցեղասպանության մասին այնքան նյութ է տպագրվում, որ կարելի է միանշանակ ասել՝ Քարդաշյանի այցը Թուրքիայի համար դարձել է իսկական մղձավանջ, որի դեմ այդ հզոր պետությունը փաստացի ոչինչ չի կարող անել: 

Քարդաշյանը Հայաստան ժամանեց նախօրեի ուշ երեկոյան, ամուսնու՝ ռեփ երաժշտության աստղ, «Գրեմմիի» մրցանակակիր (21 անգամ) Քենի Ուեսթի, երկու տարեկան դստեր եւ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ: Երեկ օրվա ընթացքում արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր էջերում հայտնվեցին Քիմի այցի բոլոր մանրամասները, լուսանկարներն ու տեսագրությունները, քննարկման նյութ էին դարձել անգամ նրանց հագուստը, կոշիկները, դիմահարդարումը: 

«The New York Times» - «Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանել է իր նախնիների երկիր՝ Հայաստան: Այցելության առանցքում 1.5 միլիոն հայերի կոտորածի 100-րդ տարելիցն է: Հայաստանը պաշտոնապես նշում է Օսմանյան թուրքերի կողմից ապրիլի 24-ին իրականացրած սպանությունները: Հայաստանը դա անվանում է ցեղասպանություն, տեսակետ, որը լայն աջակցություն է ստացել գիտնականների կողմից, բայց Թուրքիան կտրականապես մերժում է այդ տերմինը՝ պնդելով, որ այդ թիվն ուռճացված է եւ 2 կողմից էլ շատ մարդիկ են սպանվել»:

«US weekly» - «Քարդաշյան կլանը Հայաստանում է: Ռեալիթի աստղն այս շաբաթը կանցկացնի իր նախնիների երկրում: Քարդաշյաններն իսկապես հպարտ են իրենց ժառանգությամբ: Հայաստանը նրանց այս սեզոնի մեծ ճամփորդությունն է: Նրանց ծրագրերի մեջ է մտնում թանգարանային տուրը: Աղջիկները շատ հետաքրքրված են դրանով»:  

«USA Today» - «Քիմ Քարդաշյանը ժամանել է իր նախնիների հայրենիքի մայրաքաղաք, որտեղ նրան դիմավորել է իրար հրմշտող երկրպագուների ու լրագրողների սովորական քաոսը, որը նրան ուղեկցում է ամենուր։ Քարդաշյանի ներկայացուցիչ Ինա Տրեսիոկի խոսքով, դա երկար ծրագրված ընտանեկան ուղեւորություն էր հին երկիր, որն այնուհետեւ կներկայացվի նրանց՝ Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուում։ Սակայն նրանց այցը որոշ հայերի կողմից դիտվում է որպես 1.5 միլիոն հայերի սպանության 100-րդ տարելիցի վրա ուշադրություն հրավիրելու միջոց»։

«The DailyMail» - «Թագավորական ընդունելություն: Քիմ Քարդաշյանի, Քլոեի եւ Քենի Ուեսթի ժամանմանը «Զվարթնոց» օդանավակայանում  մեծ բազմություն էր սպասում: 34-ամյա Քիմը մեծ, մուգ ակնոցներով էր: 30-ամյա Քլոեն, ով անցյալ ամիս շիկահեր է դարձել, քայլում էր Քիմի հետեւից: Տերմինալից դուրս աստղերին հսկում էին ոստիկանները, երկրպագուները շտապում էին դիպչել աստղերին: Քարդաշյաններն ասել են, որ երկիր են այցելում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Քիմն ասել է, որ ցանկանում է առնչվել իր հայկական արմատների հետ: Նրա հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայկական ծագում ունի եւ ճամփորդությունը Երեւան՝ հայտնի ընտանիքի համար կարեւոր ուխտագնացություն է: Քիմը կրկին երկար, մուգ մազերով է...»:

«The Guardian» - «Քիմ Քարդաշյանը Երեւան կատարած այցի ժամանակ հիշելու է Հայոց ցեղասպանության զոհերին: Ռեալիթի շոուի աստղը ճամփորդում է Հայաստանում իր ամուսնու՝ Քենի Ուեսթի եւ ընտանիքի անդամների հետ՝ նշելու Օսմանյան կայսրության կողմից էթնիկ հայերի սպանդի 100-րդ տարելիցը: (...) Քարդաշյան ընտանիքը Լոս Անջելեսի օդանավակայան էր ժամանել՝ սկսելու ուխտագնացություն դեպի Հայաստան, որտեղ այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրա հանգուցյալ հայրը՝ Ռոբերտը, ամերիկահայերի 3-րդ սերունդն էր եւ հաճախ է հրապարակավ աջակցել Օսմանյան կառավարության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջման փաստի միջազգային ճանաչմանը»:

Քարդաշյանների այցը լուսաբանել էին «The Associated Press»-ը «ABCNews»-ը, «The Telegraph»-ը, «MTV»-ն, «CBS»-ը, «Reveal»-ը, «Hellow»-ն եւ հեղինակավոր շատ այլ լրատվամիջոցներ: Այցը լուսաբանել էին նաեւ թուրքական լրատվամիջոցները: «Ծագումով հայ ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ մեկնել է Հայաստան, այսպես ասած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Քարդաշյանը, ըստ տեղեկությունների, կնկարահանի «Ցեղասպանության» մասին վավերագրական ֆիլմ»,- գրել էր «Հյուրիեթը»: 

Արեւմտյան մամուլը լայնորեն լուսաբանում էր նաեւ Twitter-ում, Facebook-ում, Instagram-ում Քարդաշյան քույրերի գրառումները: «Հայաստա՛ն, մենք այստեղ ենք: Անչափ երջանիկ ենք այստեղ լինելու եւ մեր կյանքի ամենակարեւոր այս ճանապարհորդությունը սկսելու համար: Երախտապարտ ենք բոլոր մեզ դիմավորողներին: Անհամբեր սպասում եմ մեր երկրին ծանոթանալուն եւ համեղ ուտեստները փորձելուն: Իմ հայրը եւ նրա ծնողները այնքա՜ն հպարտ կլինեին»,- Instagram-ի իր էջում գրել էր Քիմ Քարդաշյանը: Նրա այս գրառումը հաշված ժամերի ընթացքում մոտ 1 միլիոն մարդ էր հավանել: «Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան՝ իմ նախնիների ժառանգությունը տեսնելու եւ նրանց մասին ավելին իմանալու համար: Եկել են նաեւ իմ զարմուհիները: Այնքան հուզված եմ»,- մեկ այլ գրառում էր արել Քիմը: Քլոեն եւս գրառումներ էր անում սոցցանցերում: «Անասելի գեղեցիկ է այն սերը եւ հյուրընկալությունը, որով մեզ դիմավորեցին Հայաստանում: Մեծ ցանկություն ունեմ Հայաստանը ցերեկային լույսով տեսնելու՝ մի քիչ քնելուց հետո: Հույս ունեմ, որ կկարողանամ քնել: Ես անչափ հուզված եմ, որ այստեղ եմ»,- գրել էր Քլոեն: Ավելի ուշ՝ իր Instagram-ում նա հետեւյալ գրառումն էր թողել. «Երեւանում տեսա «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է խաղաղություն՝ ուժի միջոցով։ Հայոց պատմության մեջ կանայք զենք են վերցրել եւ իրենց ամուսինների հետ պայքարել թուրքական զորքերի եւ քրդական հրոսակների դեմ։ Ես կին եմ, լսեք իմ ճիչը։ Օրհնված եմ՝ լինելով այստեղ»: Քարդաշյանները երեկ եղել են Կասկադում, հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, լուսանկարվել երկրպագուների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել