Armenpress.am-ը գրում է.
Հալեպում ապրիլի 10-ի երեկոյից մինչև առավոտ պայթյունները չեն դադարել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ բավական ծանր օր է եղել Հալեպի համար, գրանցվել են բավական մեծ չափերի վնասներ, մարդկային կո ուստներ:
«Մենք զոհ չունենք, սակայն կան մի քանի հայ վիրավորներ»,- նշեց Ռեիսյանը:
Տեղեկություններ կան այն մասին, որ Սուլեյմանիա հայաշատ թաղամասում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է «Սիմոն Վրացյան» կենտրոնը:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հալեպի բնակելի թաղամասերում ռմբակոծության հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 47 մարդ, այդ թվում՝ 11 երեխաներ և 17 կանայք: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռումբերն ընկել են Սուլեյմանիե և Սեյիդ Ալի թաղամասերում: Սուլեյմանիե թաղամասում 5 շինություններ են ավերվել:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:



