Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ այսօր Գյումրի է այցելել Քիմ Քարդաշյանը: Քարդաշյանն այցելել է Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում, որտեղ, սակայն, միջադեպ է տեղի ունեցել:
Yerkir.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ Քարդաշյանների անվտանգության աշխատակիցները փակել էին եկեղեցու դռները՝ թույլ չտալով լրագրողներին և ժողովրդին ներս մտնել:
«Ես էլ բարկացա ու կարգադրեցի բացել դռները: Ինձ, ճիշտ է, զգուշացրել էին, որ այդ աղջիկն այցելելու է, և ես էլ ասել էի` խնդիր չկա, թող գա` եկեղեցու դռները բոլորի առջև բաց են` ներառյալ նաև այդպիսի մարդկանց: Երբ այդպիսի մարդ մտնում է եկեղեցի` ոչ մեկին եկեղեցու դռները փակելու իրավունք չի տրված` բացի տեղի առաջնորդից: Հասկանո՞ւմ եք` ոստիկանությունն իրավունք չունի եկեղեցու դռները փակելու որևէ մեկի առջև»,-ասաց Սրբազանը:
Նա նշեց նաև, որ իր խնդիրը Քարդաշյանի հետ չի եղել, այլ` ոստիկանների.«Գյումրիում, ով էլ եկել է եկեղեցի` երբեք եկեղեցու դռները չեն փակվել. այդպիսի բան Գյումրիում չի եղել և չի էլ լինելու երբեք»: Ի դեպ, միջադեպից հետո Քարդաշյանը հեռացել է եկեղեցուց: