
Բազում այլ երկվորյակների պես նրանք ևս միանման են հագնված, սակայն Քենդալն ու Բեյլին սովորական երկվորյակներ չեն։ Նրանք միլիոնից մեկն են։ Զույգ քույրիկներից մեկը սևամորթ է, մյուսը՝ սպիտակամորթ։ Փոքրիկներն այնքան տարբեր են, որ անգամ նրանց հայրիկն է խոստովանել, որ դժվար է հավատալ, որ աղջիկների միջև որևէ ազգակցական կապ կա։ Նրանց մայր Ռեբեկա Հորթոնն ասել է.

Երբ նրանք ծնվեցին, մենք ուշադիր նայում էինք նրանց երկուսին, ու մեր հավատը չէր գալիս։ Դա միաժամանակ թե՛ դուրեկան զգացողություն էր, թե՛ մեծ շոկ։ Մեկ բան հաստատ է. նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները նրանց զանազանելու խնդիր չեն ունենա։

Փոքրիկների խիստ հակասական արտաքինը պայմանավորված է նրանց ծնողների ծագմամբ։ Նրանց հայր Կուրտիս Մարտինը Ջամայկայից է, իսկ նրանց մայրիկը սպիտակամորթ է։ Քանի որ նրանք միաբջիջ երկվորյակներ չեն, նրանք տարբեր գեներ են ժառանգել իրենց ծնողներից։ Բեյլին սպիտակամորթ փոքրիկն է, իսկ Քենդալը՝ սևամորթ։
Անգամ այս տարիքից արդեն ակնհայտ է, որ երեխաների բնավորություններն էլ են մեծապես տարբերվում իրարից։ Քենդալը քնկոտ է ու հանգիստ բնավորություն ունի, իսկ նրա քույրիկն աղմկարար է ու սիրում է իր վրա ուշադրություն գրավել։ Այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ ուշադրության պակաս չունեն, քանի որ ոչ ոք անտարբեր չի անցնում այս յուրօրինակ երկվորյակների կողքով։
Աղջիկների ծնողները նաև մի հնգամյա որդի ունեն, ում անունը Քոբի է։ Միանգամից երեք երեխա խնամելն այնքան ժամանակատար ու դժվար է, որ ամուսիններն անգամ գիշերը չեն կարողանում կարգին քնել, սակայն սրանք հաճելի հոգսեր են նրանց համար։
Ռեբեկայի բժիշկն ասել է, որ ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ իր աղջիկները ժամանակի ընթացքում կարող են փոխվել, օրինակ՝ նրանց մաշկի կամ աչքերի գույնը կարող է ավելի մգանալ կամ բացվել։ Այս փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ նրանք նմանվեն իրար կամ նրանց արտաքին կոնտրաստն էլ ավելի սրվի։



