«Անավարտ թռիչք» ֆիլմը դուրս կբերվի ռուսական կինոշուկա. Ելենա ԱրշակյանLife.panorama.am-ը գրում է.

Ռուսական «Грани кино» ընկերության նախագահ Սերգեյ Նազարովը Հայաստանում էր գտնվում հատուկ նպատակով. «Անավարտ թռիչք» ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ կնքվեց պայմանագիր, ըստ որի, հայկական ֆիլմը դուրս կբերվի ռուսական կինոշուկա՝ 200 օրինակով: «200 էկրան ցուցադրվելու է «Անավարտ թռիչք»-ը՝ ռուսական թարգմանությամբ: Ֆիլմի գնորդը՝ Սերգեյ Նազարովը շեշտադրում է կատարում նահ ռուս հանդիսատեսի ուղղությամբ: Լայնամասշտաբ փիար ակցիա իրականացնելուց հետո մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ այն կբարձրանա ռուսական էկրան»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք անձամբ հանդիպել է Սերգեյ Նազարովին և խոսել ֆիլմի՝ նրա մոտ առաջացրած հետաքրքրության մասին: Ո՞րն է գնորդի համար դարձել հիմնական դրդապատճառ. «Մեր ֆիլմը համամարդկային արժեքների մասին է և ոչ զուտ հայկական ողբերգության: Ֆիլմի միայն վերջին 10 րոպեն է պատմում Սոչիի աղետի մասին: «Անավարտ թռիչք»-ը միայն A320 ինքնաթիռի կործանման մասին չէ: Այստեղ իրական սիրո պատմություն է՝ իր բոլոր դրսևորումներով: Իհարկե հանդիպել եմ, երեկ ճանապարհեցինք Սերգեյ Նազարովին, մեկնեց Թբիլիսի, որտեղ ևս պայմանագիր ուներ կնքելու: Ֆիլմը կցուցադրվի նաև Թբիլիսիում»:

«Անավարտ թռիչք»-ը, բացի մեծ էկրաններից, կցուցադրվի նաև ռուսական հեռուստաընկերություններից մեկով. «Այս պահին ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը գտնվում է Մոսկվայում, բանակցություններ է վարում, առաջարկներ կան տարբեր հեռուստաալիքներից: Թե ռուսական ո՞ր հեռուստաընկերությանն է վաճառվել ֆիլմը, պարզ կլինի հաջորդ շաբաթ»:

Ելենա Արշակյանը տեղեկացրեց նաև, որ վաղը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ կհեռարձակվի «Անավարտ թռիչք» ֆիլմի մասին պատմող փոքրիկ ֆիլմ, որը կպատասխանի բաց մնացած շատ հարցերի: Այն կտևի մոտ 15-20 րոպե: Ֆիլմում կխոսեն նաև զոհվածների հարազատները: Life.Panorama.am-ի այն հարցին, թե արդյոք դժվար չէր հարազատներին համոզել հայտնվել էկրանների մյուս կողմում, ռեժիսորը պատասխանեց. «Հարազատներն իրենք են ֆիլմից հետո մեզ հետ կապ կաստատել: Մենք որևէ մեկին ստիպողաբար նկարահանման չենք բերել: Երբ վաղը նայեք, ամեն ինչ պարզ կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել