Hartak.am-ը գրում է.
Ինչպես գիտենք այս օրերին Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը ամուսնու, դստեր և քրոջ հետ միասին:
Համաշխարհային մամուլը չի դադարում այս իրադարձությունը լուսաբանել: ibtimes.co.uk պարբերականը առանձնացրել է 10 բան, որ Քարդաշյանները միգուցե ցանկություն ունենային անել իրենց հայաստանյան այցի ընթացքում:
10. Ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է: Այն տեղակայված է Հանրապետության հրապարակի շենքում: Եվրոպական, Ռուսական, Հայկական և Արևելյան արվեստի սրահներում կարելի է ծանոթանալ նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին:
9. Կամի քլաբ
Երևանի հայտնի ակումբներից մեկն է, որն այցելուներին առաջարկում է հետաքրքիր ժամանակ անցկացնել, խմել և պարել: Քարդաշյանները սիրում են լավ «փարթիներ», այնպես, որ այս վայրը ընտանիքի անդամների համար ամենահարմար տարբերակը կարող է լինել:
8. Ջրաշխարհ
«Ջրաշխարհ»-ը տեղակայված է Երևանում, և իրապես օազիս է, որտեղ ամռան տապին կարելի է զովանալ և հիանալի ժամանակ անցկացնել: «Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով և բավարարում է նորմայի բոլոր պահանջները:
Քարդաշյանները կարող են փոքրիկ Նորթին տանել Ջրաշխարհ, եթե նախնիների երկիրը ծանոթանալուց մի պահ շեղվեն: Լողավազանը փոքրիկի համար կլինի այն, ինչ պետք է:
7. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը Երևանի ամենամեծ և գլխավոր եկեղեցին է: Այն նաև Հարավային Կովկասի ամենամեծ կրոնական կառույցն է:
6. Սևանա լիճ
Հայաստանը չի կարող լողափների քանակով պարծենալ,սակայն Սևանը երկրի ամենամեծ լիճն է, ինչպես նաև աշխարհում բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը:
5. Վերնիսաժ
Այս 350 մետրանոց շուկան գտնվում է Արամ և Բյուզանդ փողոցների միջև, որտեղ հիմնականում վաճառվում են հայկական ավանդական արվեստի նմուշների ձեռագործ հավաքածուներ:
4. Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է։ Այստեղ անշուշտ արժե այցելել, որպեսզի ընտանիքը պատկերացում կազմի այն երկրի մասին, որտեղ ժամանակ են ացկացնում:
3. Գեղարդի վանք
Գեղարդի վանքը, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է: Գեղարդի վանքի այցելուների մեծ մասը նախընտրում է այնուհետև այցելել ոչ հեռու գտնվող Գառնու հեթանոսական տաճար:
2. Հյուսիսային պողոտա
Քարդաշյանների փոքրիկի անվանը համապատասխան այս վայրը՝ Հյուսիսային պողոտան (Northern Avenue) տեղակայված է Երևանի կենտրոնում: 2007թ.-ին բացված այս պողոտան կամաց-կամաց դառնում է քաղաքի առևտրային կենտրոնը, որը լի է էլիտար խանութներով: Մենք բոլորս գիտենք, որ Քարդաշյանները հետարքրված են նորաձևությամբ, այնպես որ Հյուսիսային պողոտան նրանց կգրավի իր առաջարկներով:
1. Երգող շատրվաններ
Այն, ինչը յուրաքանչյուրը պետք է վայելի Երևանում իր շրջագայության ընթացքում Երգող շատրվաններն են: Երգող շատրվանները Ազգային պատկերասրահի շենքի առջև են տեղադրված, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից մեկը: Այն կարելի է վայելել ամեն երեկո, որը հաճախ ուղեկցվում է ջազային, դասական և ժամանակակից ռոք և փոփ երաժշտությամբ: