Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը քննարկելու է 1915թ. հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, ինչի դեմ բողոքի ձայն է բարձրացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Բանաձևի նախագծի՝ ԵԽ-ում առկայության փաստն արդեն իսկ ողջունելի է հաճելի ցանկացած հայի համար և, իմ խորին համոզմամբ, ցանկացած եվրոպական պետության պարտքն է հավատարիմ մնալ իր իսկ որդեգրած և իր հարևաններին խրախուսվող արժեքային համակարգին ու ճանաչել մարդկայնության դեմ ուղղված պատմության մեջ առաջին հանցագործությունը: 
Պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ Թուրքիան, որքան էլ որ մենք դա չցանկանանք նկատել, մեծ, ուժեղ և կարևոր պետություն է նույն Եվրոպայի գրեթե բոլոր պետությունների համար: Մինչ հայերի ցեղասպանության մասին ինչ-որ հայտարարություն ընդունելը այդ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ պահելու համար, ինչը բնական է և հասկանալի:
Դառնանք Եվրոպական խորհրդրանի օրակարգում ընգրկված բանաձևին: Եվրոպական միության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ստանում է կոպիտ և բիրտ հակազդեցություն պաշտոնական Թուրքիայի կողմից, ինչը Թուրքիային և իր ժողովրդին ավելի է հեռվացնում եվրոպական քաղաքակրթությունից` առավել վտանգավոր և անկանխատեսելի դարձնելով այն իր հարևանների` տվյալ պարագայում Հայաստանի համար: 
Ասածս ի՞նչ է, մինչև Եվրոպական միությունից և իր անդամ-պետություններից պետական մակարդակով հայերի ցեղասպանության ճանաչման պահանջ ներկայացնելը մի պահ ազատվենք էմոցիաներից և սառը մտածենք, թե ինչպիսին կլինի մեր անվտանգության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ վտանգի սպառնալիքը, եթե Թուրքիան հրաժարվի եվրոպական նկրտումներից, հրաժարվի ԵՄ նախաանդամակցման գործընթացում ստանձնած պարտավորություններից` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, և ձևավորի իր համար այդքան հարազատ դարձած սուլթանատ:
Ասածս թող որևէ կերպ չմեկնաբանվի որպես ցեղասպանության հարցով պահանջատիրությունից հրաժարվելու առաջարկ, այլ ճիշտ կլինի այն դիտարկել բացառապես որպես այդ բարձր նպատակին հասնելու ռազմավարության վերանայման առաջարկ` Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացից հնարավորինս հեռու պահելու և հայկական սփյուռքի ահռելի ու մինչ այժմ չիրացված ներուժն ակտիվացնելու և այն առավելագույնս արդյունավետ իրացնելու համար:
Որպես ասածիս վառ ապացույց՝ հետևենք վերջին օրերին ամերիկյան և եվրոպական մամուլի և հանրության ուշադրության կենտրոնացմանը Հայոց ցեղասպանության հարցի վրա, դրա աննախադեպ լայնամասշտաբ լուսաբանմանն ու իրազեկմանն ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: 
Սրա դեմ Թուրքիան անզոր է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության դեմ ունի պայքարելու մի մեծ զինանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել