Թունավոր բույսերից մեկը՝ Ալպիական վարդը, միշտ զարմացրել է մարդկանց իր վայրի, գեղեցիկ տեսքով՝ մուգ կարմիր նուրբ թերթիկներով գրավել մարդկանց և միաժամանակ վախեցրել… Ալպիական վարդի հյութը մեղրի նման քա՜ղցր է, ձգո՜ղ… Հյութի նույնիսկ մեկ կաթիլը, ընկնելով օրգանիզմի մեջ, առաջին հերթին արագ գրգռում է նյարդային համակարգը և ապա քայքայում: Տիբեթյան լամաներն այս մասին շատ լավ տեղյակ են, բայց տեղյակ են նաև Ալպիական Վարդի բուժիչ հատկությունների մասին, որի մասին խորհրդավոր լռում են: Տիբեթյան լամաներն այդ ծաղկին անվանում են «Էխմարի»: 1. Ուրբաթ Մի գնացք էր սլանում արագ, այնպիսի արագությամբ, որ չէր հասցնում տեսնել անիվներին փոխարինող իր սեփական աչքերը, չէր հասցնում տեսնել իրար կայծակի արագությամբ փոխարինող պատկերները: Հասկանում էր, որ տեսնում է իր ողջ կյանքը՝ կինոժապավենի նման, իրար փոխարինող պատկերներով՝ մանկությո՜ւն, երիտասարդությո՜ւն… Գնացքը երբ հասավ քառասուներկու կիլոմետրին, դանդաղեցրեց ընթացքը, նա անմիջապես հասկացավ, որ դա իր այժմյան տարիքն է: Ցանկությունը մեծ էր ավելին տեսնելու, բայց … Շուրջը ծաղիկների մի ամբողջ դաշտ էր, գեղեցիկ, մուգ կարմիր, նուրբ ցողուններով ու թերթիկներով, գլուխները հպարտ մեկնած թեթև համաչափ փչող քամուն: Ալպիական վարդերի մի ամբողջ սիմֆոնիա… Գեղեցկությունն էր օրորվում ու կարծես կանչ էր, հրավեր դեպի հիասքանչը, որից ինչքան էլ փորձես հրաժարվել միևնույն է չի ստացվի, ու գնում ես անկախ քեզնից, չգնալ չե՛ս կարող… Փոքրիկ կայարանանման կանգառում նստարանի վրա տեսավ իր սեփական կնոջը՝ Մարիամին, կոպիտ ձեռքերով մի տղամարդու հետ: Երկուսն էլ մերկ էին… Կրքից կարմրած կինը կարծես հրե գունդ լիներ, թավալվում էր առավոտյան կիսալույսի մեջ… … Կինն ամուր գրկել էր տղամարդու պարանոցը, տղամարդն էլ դե տղամարդ էր… որի ձեռքերը նման պահերին չեն ընդունում սահմաններ՝ ափի մեջ ամուր սեղմել էր կնոջ աջ կրծքատակն ու սեղմում էր: Կնոջ հայացքը պարզ ասում էր, որ ցավ չի զգում, որ հաճելի է, որ… փակ աչքերը շշնջում էին. «Այսպե՜ս են սիրում, միա՛յն այսպես… կոպի՛տ ու միաժամանակ հաճելի՜» ... Հասկացավ, որ իր մեջ մի բան պայթեց ու այդ մի բանը բաժանվեց միլիոնավոր մասնիկերի ու ամեն մի մասնիկ յուրովի ցավ էր… …Չար կախարդի ոսկրոտ մատներում կոտրատվող հոգի, որին շատերն անվանում են խանդ, բայց դա խանդ չէր, դա աչքերը չռած վիրավորանք էր, դա գետնին ընկած հպարտություն էր, որի վրայով կարծես անցել էր մի ամբողջ բանակ ու երկարաճիտ կոշիկների ներբանների հարվածներից հպարտությանը մանրացել էր, խառնվել ցեխին… Ալպիական վարդերից մեկի գլխիկից պոկվեց մի փոքրիկ ծաղկաթերթիկ ու քամու թևերին թռչելով բարձրացավ օդ: Քամին կատաղեց, կորցրեց անդորրն ու սկսեց տեղում պտտվել, փորձեր անել ազատվել թերթիկից, Թեթև էր տերևը, բայց մի անտանելի ցավ զգաց աչքի մեջ ու ակամայից բղավեց: * * * Երբ աչքերը բացեց, անկողնում մենակ էր: Կինը խոհանոցում էր: Կնոջ վերմակին ընկած կրծկալը, որը, չգիտես ինչու, անծանոթ թվաց, բերանները բաց զարմացած նայում էր նրան: Մի անասելի ցանկություն ունեցավ տեսնել նրան իր կողքը, գրկել, լսել նրա շաղակրատանքը… - Մարիա՞մ, սո՞ւրճ ես պատրաստում, ի՛նձ կրկնակի: Խոհանոցի պատուհանը, որ ապակի չուներ կանացի ձայնով բղավեց. - Քանի՜ անգամ եմ ասել, ես Մարիա՛մ չեմ, ուղղակի Մարի, մի՞թե դժվար է հիշելը: - Այդ երբվանի՞ց, երբ ամուսնացանք, Մարիամ էիր: - Դա անցած դարում էր, հիմա այլ ժամանակներ են: Մարիամը՝ Մարին, ներս մտավ ամեն մի ձեռքում բռնած մի սուրճի բաժակ: Կիսաբաց խալաթի տակից երևում էր մերկ մարմինը, որից աչքերը երբեք չեն կարողանում հեռանալ: Ամեն քայլի հետ համաչափ բարձրանում, իջնում էին կրծքերը: - Ի՞նչ ես աչքերդ չռել, առաջին անգա՞մ ես տեսնում: - Ինչո՞ւ այդպես կոպիտ, դու նուրբ, գունավոր օձի նման գեղեցիկ մարմնով ու այդպիսի կոպտությո՞ւն: - Օձի՞, միայն դու կարող ես նման հիմար ձևով հաճոյախոսել: -Թո՛ղ, սուրճը կթափես: -Քեզ ի՞նչ է եղել առավոտ շուտ: Տղամարդու ձեռքը շոյում էր կուրծքը: Աներևույթ ձեռքերով սուրճի բաժակները հայտնվեցին փոքրիկ աթոռակի վրա, կինը տեղի էր տալիս… - Աշխատանքի չե՞ս այսօր: - Կհասցնե՜մ: Երբ փորձ արեց համբուրելու կնոջ կուրծքը, խայթվածի նման ետ քաշվեց ու զարմացած նայեց կնոջը: - Ի՞նչ: - Սա ի՞նչ կապտուկներ են կրծքիդ տակ, երեք զուգահեռ կապտուկներ: - Դռանն եմ հարվածել, դե արի՜, ինչո՞ւ ետ քաշվեցիր: Ձեռքը մեկնեց դեպի կնոջ երեսունհինգամյա մարմինն ամուր գրկած գեղեցիկ թանկարժեք փերթիկին: Կինը սպասվելիք հաճույքից աչքերը փակեց ու շշնջաց: - Դու գիտես սիրե՜լ… - Սա որտեղի՞ց քեզ, առաջ չունեիր: - Նոր եմ գնել, քե՛զ համար, ինչ է դո՞ւր չի գալիս: - Բայց սա շատ է թանկարժեք: - Գագոն էր փող ուղարկել, Մոսկվայից, եղբայրս ինձ չի մոռանում, թե չէ դու այսպիսի բան գնելու համար պետք է երկու սենյականոց բնակարան վերանորոգես, որ կարողանաս… Տղամարդը ետ քաշվեց: - Ուշանում եմ, սուրճ էլ չեմ հասցնի խմել: Կինը չառարկեց: - Երազում ինչո՞ւ էիր բղավում, կարծես հրդեհ էր: Հիշողությունն ամուր մագիլներով սեղմեց սիրտը: Հիշողության մագիլների արանքից սկսեցին լպրծուն տեսքով կաթալ գիշերային դառը մածուկի կաթիլներ, որոնք դեռ անկողնուն չհասած գոլորշիանում էին ու էլեկտրականացնում սենյակի օդը: - Ոչի՛նչ, հիմար երազ էր: - Բղավո՜ւմ էիր: - Երազում ինձ դավաճանում էիր, ծա՛նր էր… Մարին ծիծաղեց: - Երիտասարդ ժամանակ դու խանդում էիր նույնիսկ այն սյուներին, որոնց ես հենվում էի քեզ հետ համբուրվելիս, հիշո՞ւմ ես: Աստված իմ, ես արդեն երեսունհինգ եմ, քո տասը տարվա կինը, ի՞նչ կա այստեղ խանդելու, - կինը բացեց խալաթի փեշերը: - Նայի՛ր, ի՞նչ կա այստեղ խանդելու: Ո՞վ պետք է նայի իմ նման պառավին: Կնոջ դեմքն անհասկանալի պատճառներից կարմրել էր այն աստիճան, որ կարելի էր նույնիսկ ծխախոտ կպցնել: - Ուզում ես ասել, որ ես արդեն տասը տարի է՝ քնում եմ խանութում մնացած հին ապրանքի հե՞տ: Ինչու դա ասաց՝ ինքն էլ չհասկացավ, կնոջ մարմինը շատ գեղեցիկ էր ու կարծես հատուկ խնամված սիրվելու համար: - Ո՞ր մեղքիս համար, ինչո՞ւ այդպես: - Մարիա՜մ: - Մարի՛, քանի՞ անգամ կարելի է խնդրել, դու ի՞նչ է իմ պատիժն ես, - կնոջ բղավոցից ականջներում ցավ զգաց: Կինն ափերով փակեց դեմքն ու սկսեց լաց լինել: - Դե լա՜վ, Մարի, ի՞նչ է կատակ անել չի՞ կարելի, չէ՞ որ ինքդ ասացիր, թե ով կարող է նայել քեզ այդ տարիքում, կամ ինչ-որ նման մի բան, կներե՜ս, չէի ուզում, ստացվեց: Հասկանո՞ւմ ես՝ երազում քիչ էր մնում ինֆարկտ ստանայի՝ քեզ տեսնելով այդ վիճակում: - Գիշերը հորթի նման քնում ես, իսկ ցերեկը ես ամբողջ օրը մենակ… Կնոջ լացը չէր դադարում: - Ծխախոտս վերջացավ, Մարի, տա՞նն էլ չկա ծխելու բան: - Ո՛չ, ես չե՛մ ծխում, որ դեռ քեզ էլ հյուրասիրեմ: - Լավ, ես գնացի,- տղամարդը կռացավ կնոջ վրա, շոյեց մազերը, համբուրեց ծոծրակը: Կինը մնաց անշարժ, անտարբեր… 2. Մարի - Մի տե՜ս է, ի՞նչ էլ երազներ է տեսնում, Նաստրադամո՜ւս: Վերելակի դռները բացվեցին: - Բարի լույս, Մարի ջան, ինչպես միշտ թարմ ես ու գեղեցիկ, այս ո՞ւր առավոտ շուտ: Աշխատա՞նք ես ճարել: - Բարի լույս, Հասմիկ ջան, շնորհակալ եմ, ուղղակի խանութներով, ման գալու: Հասմիկը՝ վերևի հարևանուհին խորհրդավոր ժպտաց: - Բա ի՞նչ, դեռ երիտասարդ ես, գեղեցիկ: Մարին չպատասխանեց, հասել էին արդեն շքամուտքի դռներին: Հասմիկը դուռը պահեց, մինչև Մարին դուրս եկավ: Երկար նայեց Մարիի ետևից՝ չկարողանալով աչքերը կտրել ջինսի մեջ խնամքով տեղավորված Մարիի համաչափ մարմնից: Գլուխն օրորեց ու քրթմնջաց: - Հասակակիցներ ենք, համակուրսեցիներ, բայց մի տես՝ ինչպես է պահպանվել, չէ ինձ նման պառաված տատիկի նման: 3. Արամ - Ընդմիջման ժամ է, Արա՛մ, քեզ ի՞նչ բերեմ, խանութ եմ իջնում: - Ոչինչ, չէ՞ որ ես ընդմիջում չեմ անում, գիտես էլի, ինչո՞ւ ես հարցնում: - Էլի՞, ինչի՞դ է պետք այդքան փողը, որ ափսոսում ես նույնիսկ ուտելու վրա ծախսել: Երրորդը, որ մինչ այդ սուս էր պատասխանեց. - Կնոջ համար է հավաքում, էլի նույն պատությունը, բան-ման է պակա՞ս, չլինի մուշտակ: - Չէ՜, այս անգամ որոշել եմ կոշիկ գնել, այսինքն փողը կտամ թող ինքը գնի: - Ո՞ւմ, Մարիամի համա՞ր, - հարցը միամիտ էր ու անկեղծ: Արամը գլուխը բարձրացրեց ու զայրացած նայեց խոսակցին: - Նա Մարիա՛մ չէ, Մարի՛ է, հասկացա՞ր: Երկու գործընկերները զարմացած նայեցին իրենց ընկերոջն ու դուրս եկան սենյակից: «Մարի, ես քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչի, չէ՞ որ էլ ոչ ոք չունեմ այս աշխարհում: Մի երեխա էի ուզում ունենալ, այն էլ… Դե ի՞նչ, հո դրա համար չեմ բաժանվելու քեզնից, մեզ մոտ ամեն ինչ կստացվի, հավատո՞ւմ ես ինձ, Մարի՜:» Մոտեցավ պատուհանին: Քամին իր ողջ հնարամտությամբ պտտեցնում էր գետնին ընկած տերևներին, խաղում նրանց հետ, բարձրացնում, վայր գցում, տեղ էր ման գալիս նրանց շպրտելու համար: Երբ բացեց պատուհանը, քամին անտասելի ուրախացավ ու ամբողջ ուժով, մի խուրձ տերևներով հարվածեց դեմքին: Ցավո՜տ էր… 4 . Էխ, Մարի՜, Մարի՜… - Ինչո՞ւ ուշացար, Մարի, չգիտե՞ս, որ ես այսօր մինչև կեսօր եմ ազատ: - Այո, գիտեմ, ինչպես միշտ,- ոչ մի կերպ չէր կարողանում ավտոմեքենայի դուռը փակել: - Պայուսակդ է մնացել դռան տակ, հանի՛ր: - …Մի դրա՜ն նայիր, խանդելո՜ւն նայիր, ամբողջովին դողում եմ, - վերջապես փակվեց դուռն ու Մարին նայեց կողքը՝ ղեկին նստած կոպիտ ձեռքերով տղամարդուն: Պայուսակից հանեց ծխախոտի տուփն ու մի ծխախոտ՝ հարցական նայելով տղամարդուն: Տղամարդը կպցրեց նրա ծխախոտը: - Ի՞նչ է եղել նրան, հինգ տարի ոչինչ չի իմացել ու հանկարծ… Միգուցե ընկերուհիներցդ մե՞կն է բերանն ավելորդ բացել: - Իմ ընկերուհիները չգիտեն, թքա՛ծ, զզվե՛լ եմ ամեն ինչից: - Ինչո՞ւ ես այսօր ջինսով, դու չգիտե՞ս, որ ես սիրում եմ մեքենա վարելիս ձեռքս ազդրիդ դնել: Տղամարդը շոյում էր կնոջ ոտքը: - Ինձ նոր շրջազգեստ է հարկավոր, ամեն անգամ նույն շրջազգեստով… Մարին ծիծաղեց, որից փարթամ կուրծքը սկսեց վեր ու վար անել: Երևաց սպիտակ, հավասար ատամնաշարը, որը ճանապարհ տվեց բերանից դուրս սողացող օձի լեզվին շատ նմանվող լեզվին: Վերջաբան Վերգետնյա անցումով մի տղամարդ էր քայլում՝ մաշված շորերով ու կիսապատռած կոշիկներով: Խոսում էր ինքն իր հետ, կամ միգուցե հենց այդ անցումի հետ, որ կամուրջ էր մի մայթից դեպի մյուսը… «Ի՞նչ եմ արել կյանքում տասը տարի այս դատարկության մեջ կախված անցումի վրա քայլերս հաշվելուց բացի, քայլե՜ր, որ փորձում են մինչ այսօր անցնել, գնալ…» Անցումի տակից անցնող մեքենաներն աչքին երևում էին որպես անընդհատ ետ ու առաջ գնացող ջրի ալիքներ… «Ես գիտեի՜, ես ամե՛ն ինչ կռահո՜ւմ էի, բայց փորձում էի անցնել, անցնել-գնալ…»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել