portraithd1121051in.am-ը գրում է.

Լեգենդար օպերային երգչուհի Լուսին Ամարային անակնկալ է մատուցվել՝ մարտ 1-ին ծննդյան 90-ամյակը նշելուց հետո։ Հաջորդ օրը թեմական կենտրոնում մոտ 100 հրավիրված ընկերներ, գործընկերներ և երկրպագուներ էին հավաքվել Ֆլորիդայից, Դելավերից, Նյու Յորքից և այլ վայրերից՝ մեծարելու միջազգային ճանաչում ունեցող Ամարային, ով 41 տարիների ընթացքում Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում հանդես է եկել 882 ներկայացմամբ։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։ Նշվում է, որ վերջին 20 տարիներին Ամարան Ֆորտ Լիի Վերիսմո օպերայի գեղարվեստական տնօրենն է, որտեղ օգնում ու ոգեշնչում է երիտասարդ արտիստներին։

Մարտի 2-ին նա դստեր հետ քայլում էր միջոցառման վայր՝ առանց մինչ այդ իմանալու անակնկալի մասին։ Նրա դուստրը՝ երգչուհի Էվելին Լա Քուեյֆն էր կազմակերպել մեծարման երեկոն։ Ամարայի ջերմ ժպիտը փոխվել է՝ անակնկալից նրա աչքերը արցունքով են լցվել, երբ բազմությունը նրա համար երգել է Happy Birthday։ «Ուրախ եմ, որ Էվելինն ինձ ասաց դնեմ թարթիչներս,- ասել է նա՝ մաքրելով արցունքները։- Սա իմ կյանքի ամենամեծ անակնկալն է»։

Տորթը զարդարված է եղել նրա երգերի վերնագրերով։ Միջոցառմանը մասնակցել են նաև արքեպիսկոպոս Եղիշե Գիզիրյանը, Սուրբ Վարդանի տաճարի ավագ քահանա Մամիկոն Քիլեջյանը։ Վերջինս ընթերցել է թեմական նախաթոռ արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանի հատուկ ուղերձը՝ հղված Լուսին Ամարային ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, որում նրան անվանել են «վաստակավոր արտիստ, մարդասեր և հայ եկեղեցու օրինակելի դուստր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել