Tert.am-ը գրում է.
Եթե Հայաստանը Ադրբեջանի գործողություններին պատասխանի «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով, ապա հաջորդ օրը կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, և այդ լայնամասշտաբ պատերազմը կունենա տասնյակ հազարավոր զոհեր:
Այս մասին այսօր լրագրողների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ՊՆ-ն «չի ազդում» հակառակորդի գործողությունների վրա, ինչի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ դառնում են հաշմանդամ:
«Ազդեցությունը հետևյալն է, այն, ինչի համար դու ցավում ես, այսինքն` զոհերի և վիրավորների համար, կուզենայիր նվազեցնել, նվազեցման վրա ազդել, ցավոք, իրականում ոչ ոք չի կարող: Ես զարմանում եմ… կարծես թե հայ ժողովուրդը, օրինակ՝ դու, չենք ցանկանում ճանաչել մեր դիմացի պետությանը՝ իր իշխանություններով: Երբ հազար անգամ ասում է, որ մենք պետք է գնանք, ոչնչացնենք էս պետությունը, որ էս պետությունը ապրելու իրավունք չունի»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հարցնելով, թե այս պետության հետ ինչպե՞ս են պատկերացնում խաղաղությունը:
Ի պատասխան՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն առաջարկեց ամեն ինչ չվերագրել հրադադարի ռեժիմի խախտմանը, քանի որ 2010-2014 թթ.. ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի միայն 25 տոկոսն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մնացած 85 տոկոսը եղել են ներքին խնդիրներով՝ կանոնադրային հարաբերություններ, առողջական խնդիրների հետևանքով և այլն:
Եվ միայն 2014թ.-ի օգոստոսից հետո է հրադադարի խախտման պատճառով մահացությունը կրկնապատկվել՝ դառնալով 50 տոկոս:



