Lragir.am-ը գրում է.

Ժառանգություն խմբակցությունն այսօր կդիմի ԱԺ նախագահին, որպեսզի հրավիրի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ արտահերթ նիստի անցկացումն անհրաժեշտ է, քանի որ պետք է մինչև ապրիլի 24-ը քվեարկության դրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարության նախագիծը: Այն երեկ խորհրդարանը սկսել էր քննարկել:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև ԱԺ այս քառօրյայի ընթացքում մեծ աղմուկ հանած գազի հարցով հանձնաժողովի եզրակացությանը: Նա նշեց, որ եթե փորձենք ուշադիր ընթերցել այն, պետք է համապատասխան մարմիններ ուղարկել՝ Գլխավոր դատախազություն:

“Փաստաթղթում կան քրեական լուրջ փաստեր, կարելի է համապատասխան քննություն իրականացնել: Չի կարելի ուղղակի ի գիտություն ընդունել այդ փաստաթուղթը: Հանձնաժողովն իսկապես կարողացել է լավ աշխատել, գրեթե բոլորը լավ են աշխատել: Այս աշխատանքն անարդյունք թողնելը ճիշտ չէ, լավ կլինի, որ Ազգային ժողովն ինքը հետևողական լինի, որ լինեն արդյունքներ: Եվ 300 մլն դոլլար պարտքը, և 20 տոկոս բաժնեմասերի վաճառքը կատարվել է Սահմանադրության և համապատասխան օրենքների խախտումով”,- ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև Քիմ Քարդաշյանի այցի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ ողջունում է նրա այցը Հայաստան: «Եթե ծանոթ եք միջազգային մամուլին, ասպես թե այնպես Քարդաշյանի առիթով Ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս և դա ողջունելի է: Քիմ Քարդաշյանի ամուսինը աշխարհահռչակ ռեպ կատարող է, և պետք է օգտվել այս հնարավորությունից և նրա հետ քննարկել հարցը”,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել