1in.am-ը գրում է.
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևին, ինչպես նաև Հոլանդիայում Ցեղասպանությանը վերաբերող գործընթացներին:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բիլգիչը նշել է, թե Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 8-ին հանդիպել է Թուրքիա ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:
«Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրիլի 15-ին ԵԽ-ում ներկայացվելիք «Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը»: Նախարար Չավուշօղլուն իր զրուցակցին փոխանցել է, որ նման օրինագիծը թուրքական կողմը ճիշտ չի համարում, և այդ հարցը (Հայոց ցեղասպանության հարցը-խմբ.) պետք է թողնել պատմաբաններին»,- պատասխանելով լրագրողների հարցին՝ նշել է Բիլգիչը:
Թուրք դիվանագետն անդրադարձել է նաև Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության հետ կապված նոր նախաձեռնությանը, որը նախատեսում է այդ երկրում պաշտոնապես կիրառվող «Հայոց ցեղասպանության հարցը» բառակապակցությունը փոխարինել ուղղակի «Հայոց ցեղասպանություն» եզրով: Բիլգիչը նշել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է եվրոպական այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշել է, որ գործով զբաղվում են ոչ միայն թուրք դիվանագետները, այլ նաև Նիդերլանդներում գործող թուրքական կազմակերպությունները, թուրքական համայնքը:
Բիլգիչը նաև հայտարարել է, թե «Նիդերլանդները չպետք է պատմական հարցերը մտցնի կառավարության պարտականությունների շրջանակ»: Վերջինս նաև սպառնացել է, որ հոլանդական կողմի նման մոտեցումը կարող է բացասաբար անդրադառնալ այդ երկրի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վրա:
Նշենք, որ Թուրքիան մշտապես սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ այն պետություններին, որոնք փորձում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր իրականացնել:



