Ես էլ Քիմի մասին գրեմ:
Ազգանունը չեմ հիշում, բայց հաստատ քարդաշյան չէր: Վաշինգտոնից էր: Ծանոթացա 1991-ին, երբ ղեկավարում էր ԱՄՆ արևելյան ափիի հայ ուսանողների մի խումբ, որ իրենց համալսարանական պրակտիկան որոշել էին Երևանում անց կացնել: Քիմն աշխատում էր ՀՅԴ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակում: 
Ինչո՞վ էր նա տարբերվում իմ ճանաչած սփյուռքահայերից` լեզուն արևմտահայերեն չէր, ինչ-որ խառնուրդ բան էր: Հետաքրքրվեցի, թե ինչու: Պարզվեց, որ իր հայ լինելու մասին իմացել է շատ ուշ, արդեն հասուն տարիքում: Բացատրեց, որ Ամերիկայում իր սերնդի երիտասարդների համար մոդայիկ էր ինչ-որ արմատ ունենալը` իռլանդացի, հրեա, իտալացի, հնդկացի, պարզապես ամերիկացի լինելն այնքան էլ պատվաբեր չէր: Ինքն էլ հանկարծ հիշել է, որ տատը երբեմն հոր հետ անհասկանալի լեզվով է խոսում: Հարցրել է ու սկսել հետաքրքրվել հայերով, Հայ դատով, հայերենն էլ ինքնուրույն է սովորել, ու այդ պատճառով խառնուրդ լեզու է ստացվել:
Իսկ նրա ծնողների մասին պատմությունն ինձ բացատրեց, թե ինչու Արևելյան ափի դաշնակցական հզոր կառույցը շատ արագ կրճատվել էր հետպատերազմյան տարիներին: Բանն այն է, որ Նժդեհի Ցեղակրոն ուխտերը շատ գրավիչ էին երիտասարդների համար մինչև 40-ականների կեսերը, իսկ հետո դրանք քարկոծվել են որպես ֆաշիստական ակումբներ, ու դրանց անդամները հեռացել են ոչ միայն Ուխտերից, այլև ընդհանրապես հայությունից: Սերնդափոխությունը կանգնել է: Քիմի ծնողները փաստորեն Նժդեհի սաներից են եղել ու շատերի նման հրաժարվել են իրենց հայկական ինքնությունից: Բայց երրորդ սերնդում այդ ինքնությունը նորից վերականգնվել էր նրանց դստեր մոտ:
Քարդաշյան Քիմի ինքնության հետ զուգահեռներն անտեղի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել