
Վալերի Սպիրիդոնովն առաջին մարդն է, ով կենթարկվի գլխի ամբողջական փոխպատվաստման։ Նրա բժիշկ Սերխիո Կանավերոն պնդում է, որ ինքը կարող է կտրել Վալերիի գլուխը ու կցել այն առողջ մարմնի։ Վալերին տառապում է ողնաշարի մկանային սնուցախանգարմամբ։ «Daily Mail»-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ վախենում է առաջիկա բարդ վիրահատությունից, սակայն ընտրության շատ տարբերակներ չունի։ Եթե նա վիրահատության չենթարկվի, նրա վիճակը տարեցտարի ավելի կվատանա։ Կանավերոն այս վիրահատությունը կոչել է HEAVEN։

Վիրահատության ընթացքում կատարվելու է գլխի ծայրակցում (անոստոմոզ) դոնորական մարմնի վրա։ Նմանատիպ վիրահատության նախատիպեր կան, սակայն դրանք կատարվել են ոչ թե մարդկանց, այլ կենդանիների վրա։ Մոտ 45 տարի առաջ կապիկի գլուխ է փոխպատվաստվել այլ կապիկի մարմնի վրա, իսկ վերջերս նմանատիպ մի գիտափորձ կատարվեց մկան վրա։ Բազմաթիվ բժիշկներ քննադատել են Կանավերոյի նախաձեռնությունը։ Ոմանք այս նախաձեռնությունը համարում են անիրագործելի, ոմանք էլ՝ չափազանց վտանգավոր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրահատությունը տևելու է 36 ժամ, իսկ դրա արժեքը մոտ 7.5 միլիոն ֆունտ ստեռլինգ է։ Դոնորական մարմինը պատկանել է մի մարդու, ում մոտ ուղեղի մահ է արձանագրվել, սակայն մարմինը լիովին առողջ է։

Թե՛ դոնորի, թե՛ հիվանդի գլուխները կտրվելու են միաժամանակ։ Կտրվածքը կատարվելու է չափազանց սուր շեղբով։ Դրանից հետո հիվանդի գլուխը դրվելու է դոնորի մարմնին, ու ամրացվելու են իրար պոլիէթիլենային գլիկոլի միջոցով։ Դրանից հետո 4 շաբաթ շարունակ հիվանդը կգտնվի կոմայի մեջ։ Բժիշկն ասում է, որ երբ հիվանդին կոմայից արթնացնեն, նա պետք է որ կարողանա շարժվել, զգալ իր դեմքն ու անգամ խոսել իր սովորական ձայնով։ Այս վիրահատության համար հարկավոր կլինի 150 բժիշկներից ու բուժքույրերից կազմված բուժանձնակազմ, սակայն դեռևս վիրահատության համար անհրաժեշտ ֆինանսավորում չկա։

Բժիշկ Կանավերոն
Հարցազրույցի ընթացքում Վալերին նշել է, որ իր հիվանդությամբ մարդիկ հազվադեպ են 20 տարուց ավելի ապրում, իսկ ինքն այն քչերից է, ով բոլորել է 30 տարին։ Նա գիտակցում է, որ վիրահատությունը հղի է մի շարք վտանգներով, սակայն նրա որոշումը վերջնական է։ Սպիրիդոնովն ինքն է կապ հաստատել Կանավերոյի հետ, իսկ վերջինս էլ հանձն է առել նման բարդ վիրահատություն կատարել։ Կանանվերոն ու Սպիրիդոնովը դեռևս դեմառդեմ չեն հանդիպել, այլ միայն առցանց են շփվել։ Դե ինչ, հուսանք, որ վիրահատության համար անհրաժեշտ գումար կգտնվի, ու վիրահատությունը բարեհաջող կանցնի։



